Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ավիափոխադրողների շուկան

Zvartnots_newՎարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հուլիսի 16-ի նիստին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ առաջարկել է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան` թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Աբրահամյանը նաև առաջարկել է բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում: Նրա խոսքով` թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին:

«Գիշերային թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան ժամը 5-ին, ապա մինչև 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար: Ուստի, պարոն Ճշմարիտյան, հարկավոր է մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

***

Հայաստանից արտերկիր մեկնողների զգալի մասը նախընտրում է թռիչքը Թբիլիսիից, որտեղ ավիատոմսերն անհամեմատ էժան են: Օրերս «Ժամանակ» թերթը, վկայակոչելով ավիատոմսերի արժեքի վերաբերյալ տվյալներ, գրել էր, որ օրինակ` Երևանից Բարսելոնա ավիատոմսը հետադարձով արժե 850 եվրո, իսկ Թբիլիսիից 427 եվրո, հետադարձով Երևանից Փարիզ ավիատոմսը 594 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 374 եվրո, Երևանից Հռոմ՝ 623 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 407 եվրո։