Հոթել «Պատրիոտ»

hotel patriotՂարաբաղյան շարժման զգլխիչ օրերին Թադևոսն անմասնակից մնաց քաղաքի ցնորված վիճակին, բայց բնավ ոչ քաղաքական հեռատեսության պատճառով, այլ որովհետև չէր սիրում մասնակցել որևէ բանի:

Առաջին ցույցերն արդեն անկատար անցյալ էին դառնում, երբ Երևանի փողոցներում երևաց Տուլայից հայրենիք ժամանած Լենան: Նրա երևալը նկատեց միայն Թադևոսը, բայց ոչ այն պատճառով, որ մյուսներն անուշադիր էին, այլ որովհետև միայն Թադևոսը կարող էր այդչափ ուշադիր լինել աննկատելին տեսնելու համար:

Ամիս ու կես անց Թադևոսը ծանրումեծ բացելով գիտնական հոր տան դուռը ու «մի հանի» ասելով, որովհետև Տուլայում կոշիկները ներս մտնելիս հանում են՝ Լենային բերեց ներկայացնելու: Հոր առաջին հարցը չգիտես ինչու ոչ թե Տուլայի մասին էր, որտեղ հայտնի ինքնաեռներ էին սարքում կամ «պրյանիկներ»՝ մեր չտեսած չափերի… այլ շատ կոնկրետ մի հարց էր տվել Մերգելյան ինստիտուտի նախկին գիտաշխատող հայրը.

-Աղջիկ ջան, բա հայրդ ինչո՞վ է զբաղվում:

-Դզող-փցող,- հնչել էր պատասխանը, որովհետև Լենան լեզվական աննկատ արատ ուներ, ու մայրենիին տիրապետում էր մոտավոր ու հարկենցաղային:

Պատասխանն անշուշտ գոհացնել չէր կարող, բայց մաթեմատիկոսը լռել էր: Թադևոսն ակնհայտորեն որոշել էր սիրահարվել:

Հայրն ապագա խնամու մասնագիտական ուղղվածությունից թեև գոհ չմնաց, բայց տղայի սերունդ տալու հեռանկարը հուշեց թեթև նայել կյանքին: Իսկ մայրը, որ սերում էր Երևան քաղաքի ազնիվ ծագումներից ու առհասարակ չէր պատկերացնում՝ ինչպես կարելի է դեմ լինել տղայի ընտրությանը՝ լայն ժպտաց միայն ապագա խնամու նախասիրությունների առթիվ ու դռնբաց ընդունեց Լենային Երևան քաղաքի Փարպեցի փողոցի քարե հինգհարկանի շենքի երեքսենյականոց տանը՝այն նվիրելով որդուն ու հարսին:

Տան մեծ գրապահարանի բոլոր գրքրեը մակագրված էին հեղինակների կողմից: Լենային այս փաստը ոչինչ չէր ասում, ու նա որպես հայրենիք եկած շատ բարյացակամ աղջիկ աջ ու ձախ նվիրում էր տան գրքերը:

Թադևոսը իրոք որոշել էր սիրահարվել, ու դա անում էր ըստ ամենայնի:

Նրան երբեք ոչ ոք «Թաթիկ» չէր ասել , ո՛չ մանկապարտեզում, ո՛չ դպրոցում, ո՛չ տանը, որովհետև մանուկ ժամանակ մեծավարի լուրջ էր, մեծ ժամանակ՝ մանկորեն միամիտ: Այտերը ուռցնելով՝ ասում էր տարակուսանք առաջացնող բաներ ու բոլորովին չէր նկատում շրջապատի զարմանքն ու ներողամիտ ժպիտը: Շատ կրթված էր Թադևոսը: Տպավորությունն այնպիսին էր, որ նա սաղմ ժամանակ վերցրել էր մաթեմատիկոս հոր ու հնագետ մոր բոլոր իմացած բաները ու էլ կարիք չէր ունեցել սովորելու, հենց այդնպես ամեն ինչ գիտեր:

Քաղաքի գրեթե ազնվական ծագման ընտանքիներից մեկից սերող մոր ու գյուղի բոլոր «հինգերը» ստացած ու քաղաքում մաթեմատիկոս դարձած հոր ոչ թե հանդիպումից, այլ բախումից ծնված Թադևոսը այդպես էլ կայծակնահար ապրեց իր սուր անկյուններից զերծ կյանքը…

Կաշառք չէր վերցնում Թադևոսը, թեև աշխատավայրը կաշառքի բնօրրանն էր: Իր կաշառք չվերցնելը նա համարում էր մեծ ձեռնոց՝ նետված մերձավորներին ու մերձավոր հասարակությանը, թեև այդ ձեռնոցը ոչ ոք ստորաբար չէր նկատում:

Ծնողներն արդեն չկային, երբ մորական տատի՝ Փարպեցու փողոցի վրա գտնվող հինգհարկանի քարե շենքի երեք սենյականոց բնակարանից Լենան ու Թադևոսը սկսեցին հանել ավելորդ իրերը: Իրերի մեջ ավելորդը լուսանկրաներն էին ու նման «անարժեք» թղթեր:

Ռադիոյով արտագաղթի ահագնացող թվերի մասին հաղորդում էր, երբ խոհանոցի կլոր սեղանի մոտ, որի շուրջ ըստ ավանդաբար փախանցվող պատմության՝ թեյ էին խմել Ռուբեն Զարյանն ու Էդվարդ Ջրբաշյանը, ու էլի այդ կարգի մարդիկ, Լենան ու Թադևոսը քննարկում էին իրենց արտագաղթի մանրամասները: Ինչպես պիտի պարզվեր հետո, քննարկման նյութը արտերկրում աշխատանքի հարցը չէր բնավ, կամ՝ մնալու վայրը, այլ այլ այն, թե օրինակ իրերից ո՛ր մեկը ոնց էին տեղափոխելու, քանի որ տունը վաճառվում էր:

Գնորդը շուտ գտնվեց: Տունը շատ լավն էր:

Քաղաքում Լենան բարեկամ չուներ, իսկ Թադևոսի միակ հարազատը քույրն էր, որ բոլորովին տեղյակ չէր մորական տատի տանը սպառնացող աղետին: Միայն երբ Թադևոսը բոլոր իրերը տեղավորելուց հետո իմաց տվեց քրոջը, որ գնում են ու տանը բաներ կան իրեն տալու՝ քույրն անգույն ու սրտխփոցով հասավ Փարպեցի: Տունը դատարկ էր: Հին պատերի վրա հանած շրջանակների սևացած երիզներով մաքուր քառակուսիներն էին ցավ պատճառում ու դատարկ գրադարանի դեպի ներս կքված դարակները: Ոչինչ չկար մեջտեղում: Դաշնամուրն ու կահույքը վաճառված էր:

Միջանցքի պատի տակ որբի նման երկու իր կար միայն՝ սպիտակ մետաղական բժշկական կշեռքն ու տնական մի բույս՝ վաղուց չջրված տերևներով:

-Կալանխոյ ա, տա՛ր, էրեխեքի քիթը որ փակ լինի, կաթացրու, կանցնի, ափսոս ա թափեմ:

Թադևոսը սրտանց էր բույսը նվիրում քրոջը՝ առանց հետին մտքի: Իսկ այ բժշկական սպիտակ ու տեղ-տեղ քերծվածքներ ունեցող կշեռքը… որ նույնպես որոշել էր թողնել քրոջը, վերջին պահին զղջաց ու թեև մտավախություն ուներ, որ «մետալոիսկատելը» չի թողնի անցկացնեն օդանվակայանում, որոշեց տանել…

***

Գարնան անձրև օր էր Թադևոսի արտագաղթի օրը: Պետերբուրգն էր ընտրված որպես նոր հայրենիք: Իսկ Պետերբուրգում սարսափելի մառախլապատ էր:

Երևանում մի քանի օր լուր չեղավ Թադևոսից: Ոչ ոք չգիտեր, թե ուր և ինչ է:

Քույրը զանգի էր սպասում: Զանգը հնչել էր առավոտ շուտ, ու Թադևոսի միշտ ոգևորված ձայնը Սանկտ-Պետերբուրգից հայտնել էր, թե որտեղ են տեղավորվել.

-Հոթել «Պատրիոտ»,- ասել էր Թադևոսը,- Հոթել «Պատ-րի-ոտ»,- հեգելով ասել էր Թադևոսը…

Մեկնաբանել