Կառավարությունում քննարկել են ՀԷՑ-ի աուդիտի հարցը

government Օգոստոսի 10-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում (ՀԷՑ) իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է ռուսական կողմի հետ համատեղ ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է միջազգային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած առաջարկների փաթեթի մասին՝ նշելով, որ դրանք արդեն ամփոփվել են և առաջիկա օրերին ուղարկվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և ամբողջ Հայաստանում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը, սակագնի 7 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի: Մինչև օգոստոսի 1-ը կառավարությունը չէր հստակեցրել, թե ինչ միջոցների հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը: Օգոստոսի 1-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սուբսիդավորումն իրականացվելու է Որոտանի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից առաջացած միջոցներից: Որոտանի ՀԷԿ-ը 180 մլն դոլարով վաճառվել է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը: