Պերմյակովը դասալքության համար դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Screen Shot 2015-08-12 at 7.36.50 PMՌԴ 5-րդ կայազորային ռազմական դատարանը Գյումրիում այսօր` օգոստոսի 12-ին ,  վճռեց Վալերի Պերմյակովին դատապարտել խիստ ռեժիմով 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով: Վալերի Պերմյակովը մեղադրվում է նաև այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ: Պետական մեղադրողը այսօր ավելի վաղ միջնորդել էր Պերմյակովին դատապարտել ազատազրկման 10 տարի ժամկետով:  Պերմյակովը դատական նիստի ընթացքում ասել էր, որ ընդունում է մեղադրանքները և պատրաստ է կրել ցանկացած պատիժ, որ կկայացնի դատարանը: Սպանության մասով դատաքննությունը անցկացնելու է հայկական կողմը:

ՍիվիլՆեթն հաղորդել էր, որ այսօր` օգոստոսի 12-ին, Գյումրիում ՌԴ 5-րդ կայազորային ռազմական դատարանում, որը գտնվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիսկովկասյան շրջանային դատարանի ենթակայության ներքո, տեղի է ունեցել Պերմյակովի գործով առաջին դատական նիստը` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով: Նիստի ընթացքում դատարանը հրապարակել է Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, սակայն բաց է թողնվել սպանությունները նկարագրող մասը, քանի որ ըստ մեղադրողի` այդ մասով քննությունն իրականացնելու է հայկական կողմը:

***

Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հունիսի վերջին Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված բողոքի ցույցերի ընթացքում Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեց Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Հանդիպման արդյունքում, ի թիվս այլ պայմանավորվածությունների, ռուսական կողմը համաձայնեց Պերմյակովի գործը` սապնության մասով, հանձնել ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:

Մնացած հոդվածներով («Դասալքություն», «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում») նյութերը օգոստոսի սկզբին ուղարկվել են Հայաստանում 5-րդ կայազորային զինվորական դատարան: