Լավրովը Բաքու կայցելի «շատ կարևոր հարցերով»

LavrovՍեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կժամանի Բաքու:

Ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, բանակցություններ կանցկացվեն Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, կքննարկվեն երկկողմ և բազմակողմ օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրադրությունը:

Sputnik-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Ադրբեջանի խորհրդարանի անդամ Զահիդ Օրուջին կարծիք է հայտնել, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև խորացող հակամարտությունը, Իրանի վրա սահմանված պատժամիջոցների վերացումը «Կրեմլին ստիպում են ավելի ակտիվ գործել»:

Ադրբեջանցի պատգամավորն ասել է, որ Սերգեյ Լավրովը Բաքու է ժամանում «շատ կարևոր հարցերով, որոնց թվում նաև՝ ԼՂ հակամարտության կարգավորումը»:

ԼՂ խնդիրը կքննարկվի, բայց բեկում չի լինի. Մարկեդոնով

«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու կոչված է որոշակի մակարդակի վրա պահել Բաքվի հետ կառուցողական հարաբերությունները»,- «ՌԻԱ նովոստի» գործակալության հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունների ընթացքում կողմերն անպայմանորեն կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի խնդրին, սակայն «այցը չի լուծի հակամարտությունը». քաղաքագետը Լավրովի առաջիկա այցը ԼՂ խնդրում որևէ առաջխաղացման հետ չի կապում: Ինչ վերաբերում է Բաքվի և Մոսկվայի հարաբերություններին, ապա դրանք, վերլուծաբանի կարծիքով, «պրագմատիկ են»:

«Դրանք դաշնակցային հարաբերություններ չեն, ինչպես Հայաստանի դեպքում, որտեղ գործում են արտոնություններ, ռազմակայան և այլն, այդ հարաբերություններն ավելի պրագմատիկ են. Ադրբեջանը հավասարակշռություն է պահպանում»,- պարզաբանել է վերլուծաբանը: