Մասիսում բացվել է Հայաստանի ամենախոշոր սպանդանոցը

sergo karapetyan and iran's ambassador mohammad raiesiԱրարատի մարզի Մասիս համայնքում բացվել է Հայաստանի ամենախոշոր սպանդանոցը, ասված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 2-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին մասնակցել են «Ոսկե կացին» ընկերության կողմից հիմնադրված սպանդանոցի բացման արարողությանը:

Սպանդանոցը զբաղեցնում է 2400 քմ տարածք և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանությունը իրականացնելու համար: Այն մեկ հերթափոխում կարող է մորթի ենթարկել 1000 գլուխ մանր եղջերավոր և մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ:

«Այսօր շահագործման հանձնվեց հանարապետությունում ամենախոշոր սպանդանոցը, որի շահագործմամբ հնարավոր կդառնա մեծացնել դեպի հարևան երկիր հատկապես ոչխարի մսի արտահանման ծավալները, ինչը կնպաստի մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը», – ասել է գյուղնախարարը:

Նա նշել է, որ սպանդանոցում մորթն իրականացվելու է մուսուլմանական «հալալ» կանոնների համաձայն, ինչը մեծապես կնպաստի դեպի մուսուլմանական երկրներ ոչխարի մսի արտահանմանը: Նախարարը կարևորել է խելամիտ գնի սահմանման անհրաժեշտությունը, որը երկուստեք շահավետ կլինի։

Ընկերության համասեփականատեր Արմոնդ Հախվերդյանն իր հերթին նշել է, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի նաև աշխատանքային մեկ հերթափոխում մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր անասունների մորթը կազմակերպելու հնարավորություն ունեցող հոսքագիծը:

Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին իր ելույթում ընդգծել է, որ հայկական մսամթերքը համային բարձր հատկանիշների շնորհիվ իրանական շուկայում մեծ պահանջարկ ունի, և սպանդանոցի բացումը թույլ կտա Հայաստանից արտահանել որակյալ մսամթերք: Դեսպանը չի բացառել հետագայում Հայաստանի այլ մարզերում նույն եղանակով մորթ իրականացնող այլ սպանդանոցների հիմնումը:

Մինչ այժմ Մասիսի սպանդանոցում փորձնական մորթի են ենթարկվել հանրապետության տարբեր մարզերից, առավելապես Սյունիքից ներկրված ավելի քան 700 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ:

Մեկնաբանել