Լայնամասշտաբ պատերազմի նախանշաններ դեռ չենք տեսնում. Արծրուն Հովհաննիսյան

artzrun-artsrun-hovhannisyan-1Սեպտեմբերի 3-ի երեկոյան լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը շարունակվել է, «Ազատություն» ռադիոկայանի առավոտյան թողարկմանն ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ կրակոցները ավելի քիչ են եղել, քան նախորդ օրերին:

«Հակառակորդը կրկին հիմնականում կրակել է Տավուշի ողջ սահմանի երկայնքով, որից տուժել են որոշակի գյուղեր: Վազաշենում վիրավորվել են երեք քաղաքացիականներ, որոնք Վազաշենի բնակիչներ չեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին հիվանդանոցներում: Կրակոցներից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, նրա կյանքին ևս վտանգ չի սպառնում, համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Հակառակոդրը լռել է միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե արդյոք այս ամենը պատերազմի վերսկսման վտանգ է պարունակում, ՊՆ նախարարի խոսնակն ասաց, որ «մասնագիտական տեսանկյունից սա ինքը պատերազմն է»:

Ինչ վերաբերում է լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ապա Հովհաննիսյանի խոսքով, «ցանկացած պահի կարող է լինել, կարող է չլինել»:

«Այս պահին ռեալ լայնամասշտաբ պատերազմի նախանշաններ դեռ չենք տեսնում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

***

Օգոստոսի 31-ից սկսած՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին մեծացել է: Սեպտեմբերի 1-ի երեկոյան Բերդի տարածաշրջանում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով վիրավորվել է պայմանագրային երկու զինծառայող: Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան և գիշերը ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի մոտ 20 գյուղ: Կոթի գյուղի երկու բնակիչ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց. նրանց վիճակը կայուն է: Սեպտեմբերի 3-ին դիպուկահարի կրակից զոհվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող:

Մեկնաբանել