Ադրբեջանը իրավիճակը մոտեցնում է պատերազմականին, զգուշացնում է Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն

Nagorno Karabakh celebrates independence dayԼեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ «առաջնագծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում են, որ Բաքուն, հանձին իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն»:

«Վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարությունները ասվածի վկայությունն են: Այսօր արդեն Ադրբեջանը ոչ թե, ինչպես նախկինում էր, սեփական քարոզչությամբ փորձում է իր իսկ կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունները մատուցել որպես հայկական կողմին ուղղված պատասխան քայլեր, այլև տարբեր տրամաչափի հրետանային, ռեակտիվ հրթիռահրետանային և հրաձգային զենքերից` հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող արկակոծումներն ու գնդակոծումները բացահայտ լկտիությամբ ներկայացնում է ոչ այլ կերպ, քան իր ռազմական հնարավորությունները ցուցադրելու մարտավարական ու ռազմավարական կարևորության մտահաղացման իրագործում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած այդօրինակ գործելաոճը ոչ միայն պատճառ են դառնում չարդարացված ու անդառնալի կորուստների, այլև դեպքերի նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետևանքների:

Ելնելով վերոնշյալից` Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարությունը տեղեկացնում է ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող հետագա սրացումների և դրանցից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- նշված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հայտարարությունում:

***

Օգոստոսի 31-ից սկսած՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը սրվել է՝ հանգեցնելով մարդկային կորուստների:

Սեպտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային երկու զինծառայողներ: Սեպտեմբերի 3-ին Տավուշի սահմանագոտում ևս մեկ պայմանագրային զինծառայող զոհվել է ադրբեջանական դիպուկահարի կրակից: Սեպտեմբերի 6-ին ԼՂ պաշտպանության բանակը հաղորդեց ևս մեկ զինվորի մահվան մասին՝ «արտակարգ պատահարի» հետևանքով:

Անցած 6-7 օրերի ընթացքում հայկական կողմը հաղորդել է 3 զինվորականների և 5 քաղաքացիական անձանց վիրավորվելու մասին: Տավուշի մի շարք գյուղերում ադրբեջանական գնդակոծության հետևանքով կան շոշափելի նյութական վնասներ:

Սեպտեմբերի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, այլ նախարարների և բարձրաստիճան զինովարականների ուղեկցությամբ այցելել է Տավուշի գնդակոծված գյուղեր, խոստացել կառավարության միջոցներից փոխհատուցել գնդակոծության նյութական վնասները:

Հայ-ադրբեջանական առաջնագծում լարվածության աճի պայմաններում Հայաստանում անցկացվում են ռազմավարական հրամանատարաշտաբային լայնածավալ զորավարժություններ՝ «Շանթ 2015» խորագրի ներքո:

Մեկնաբանել