Ղարաբաղում զինվոր է զոհվել «արտակարգ պատահարից»

Soldier DiedՍեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրությունում չի հստակեցվում, թե արդյոք «արտակարգ պատահարը» կապված է հայ-ադրբեջանական առաջնագծում վերջին օրերի սրացման հետ:

Սեպտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ դեպքերի «նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետևանքների»:

«Առաջնագծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում են, որ Բաքուն, հանձին իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն»,- ասված է ՊԲ հայտարարությունում:

***

Օգոստոսի 31-ից սկսած՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը սրվել է՝ հանգեցնելով մարդկային կորուստների:

Սեպտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային երկու զինծառայողներ: Սեպտեմբերի 3-ին Տավուշի սահմանագոտում ևս մեկ պայմանագրային զինծառայող զոհվել է ադրբեջանական դիպուկահարի կրակից:

Անցած 6-7 օրերի ընթացքում հայկական կողմը հաղորդել է 3 զինվորականների և 5 քաղաքացիական անձանց վիրավորվելու մասին: Տավուշի մի շարք գյուղերում ադրբեջանական գնդակոծության հետևանքով կան շոշափելի նյութական վնասներ:

Սեպտեմբերի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, այլ նախարարների և բարձրաստիճան զինովարականների ուղեկցությամբ այցելել է Տավուշի գնդակոծված գյուղեր, խոստացել կառավարության միջոցներից փոխհատուցել գնդակոծության նյութական վնասները:

Հայ-ադրբեջանական առաջնագծում լարվածության աճի պայմաններում Հայաստանում անցկացվում են ռազմավարական հրամանատարաշտաբային լայնածավալ զորավարժություններ՝ «Շանթ 2015» խորագրի ներքո:

Մեկնաբանել