ԵՏՄ-ն մաքուր տնտեսական բլոկ է. Շավարշ Քոչարյան

Shavarsh-KocharyanՀայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ «Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) որևէ հարց՝ կապված [հայ-ադրբեջանական առաջնագծում] լարվածության հետ, չի կարող բարձրացվել, որովհետև դա մաքուր տնտեսական բլոկ է»:

Սեպտեմբերի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանը հայտարարեց, որ «ԵՏՄ-ն որևէ կապ չունի անվտանգության հետ, դա տնտեսական բլոկ է, քաղաքական էլ չէ: Այդ տեսակետից ԵՏՄ-ի հետ՝ տնտեսական միավորման հետ կապել այլ քաղաքական, անվտանգության հարցեր, դա որևէ առնչություն չունի»:

Լրագրողների դիտարկմանը, որ ԵՏՄ մտնելիս Հայաստանի իշխանությունների հիմնավորումներից մեկն էլ անվտանգության խնդիրն էր, Քոչարյանն ասաց.

«Անվտանգության բաղադրիչը կայանում է նաև նրանում, որ քո տնտեսությունը շնչի, և դու կարողանաս դիմանալ սպառազինությունների այն մրցավազքին, որ կա: Դրա համար քեզ պետք են այնպիսի դյուրին հնարավորություններ՝ ապրանքները դուրս բերելու, առևտրի համար, որոնք հնարավորություն տան, որ քո բյուջեն ի վիճակի լինի այդ ծախսերը կրելու: Այդ տեսակետից ԵՏՄ-ին անդամակցությունը մեզ չէր պարտադրում երկարատև ժամանակ` հարմարվելու, որպեսզի դու կարողանաս այդ գործընթացը իրականացնել»:

Ճեպազրույցում Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դերին, որը պարտավորված է օգնության հասնել Հայաստանին նրա դեմ ոտնձգությունների դեպքում: Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի երկայնքով բնակավայրերի պարբերական գնդակոծությունները, սակայն, ՀԱՊԿ-ի կողմից որպես կանոն մնում են անարձագանք:

Լրագրողի հարցին, թե Հայաստանը կոնկրետ ինչ գործողություններ է ակնկալում ՀԱՊԿ-ից, Քոչարյանը պատասխանեց.

«Մեր անվտանգության և պաշտպանության հարցում մենք առաջին հերթին պետք է հույսը դնենք մեզ վրա»:

Մեկնաբանել