Երևանում իրար հետևից երկու կիսամարաթոն կանցկացվի

indexԵրևանում հոկտեմբերի սկզբին մեկ օրվա տարբերությամբ կանցկացվի երկու կիսամարաթոն:

Հոկտեմբերի 3-ին կանցկացվի առաջին միջազգային կիսամարաթոնը` «Երևան ՌԱՆԱՐՄ»-ը: Ինչպես տեղեկանում ենք մրցավազքի կայքից, այն անցկացվելու է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի aթլետիկայի ֆեդերացիայի աջակցությամբ:

Դեռ ամիսներ առաջ հայտարարվել էր մայրաքաղաքում հոկտեմբերի 4-ին առաջին անգամ անցկացվելիք կիսամարաթոնի` «Երևանի կիսամարաթոն» վազքի մրցույթի մասին: Այս կիսամարաթոնի կազմակերպմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և «Օրանժ ֆիթնեսը»:

Ինչո՞ւ է Երևանում մեկ օրվա տարբերությամբ անցկացվում երկու տարբեր կիսամարաթոն:

«Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպիչ Անահիտ Ադամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ մի քանի անգամ առաջարկել են մյուս կողմին միանալ իրենց կիսամարաթոնին` առանց նրանց կողմից որևէ ծախսի, սակայն մերժում են ստացել:

Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը Mediamax-ին ասել է, թե «Երևան ՌԱՆԱՐՄ»-ի կազմակերպման աշխատանքները սկսվել են դեռ երեք տարի առաջ: Նա նշել է, որ հոկտեմբերի 4-ի կիսամարաթոնի կազմակերպիչները իրեն՝ որպես ֆեդերացիայի նախագահի, երբևէ չեն դիմել, և ինքը վերջերս է տեղեկացել այդ միջոցառման մասին:

ՍիվիլՆեթը հուլիսի վերջին Անահիտ Ադամյանի հետ զրուցել էր «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական աշխատանքների և մարաթոնյան շարժման մասին: Հարցազրույցը կարող եք դիտել ստորև:

Մեկնաբանել