Կառավարությունը մերժեց Նիկոլ Փաշինյանի օրինագիծը

traffic cameraԿառավարությունը սեպտեմբերի 10-ի նիստում մերժեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրինագիծը, որով նա առաջարկում էր տեսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների չափը սահմանել՝ հաշվի առնելով ավտոմեքենաների տարիքը և ձիաուժը՝ հօգուտ ավելի հին և նվազ հզոր մեքենաների:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման պարագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի և սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը:

Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության պահանջից, քանի որ բոլորը պետք է ստանան օրենքով սահմանված իրավունքների ու ազատությունների միևնույն ծավալը, ունենան այդ իրավունքների ու ազատությունների իրացման նույն հնարավորությունները, դրանց պաշտպանության և խախտման դեպքում դրանց վերականգնման նույն միջոցները, ինչպես նաև հավասար իրավական պարտականություններ:

Մեկնաբանել