Ռուսաստանն իր շուրջը անկայունության գոտի է ստեղծել. Պորոշենկո

PoroshenkoՀակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու ռուսաստանյան կոչերը և ահաբեկիչների հետ սիրաբանությունների վտանգավորության մասին Մոսկվայի նախազգուշացումները չեն կարող վստահության արժանանալ. այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ սեպտեմբերի 29-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին:

Ռուսաստանն իր շուրջը անկայունության գոտի է ստեղծել

«Ինչպե՞ս կարելի է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման կոչ անել, եթե դուք աջակցում եք ահաբեկիչներին հենց ձեր շեմին: Ինչպե՞ս կարելի է խոսել ժողովուրդների համար ազատության մասին, եթե դուք պատժում եք ձեր հարևանին սեփական ընտրության համար: Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության ու օրենքի մասին, եթե ձեր քաղաքականությունը պատերազմն է խամաճիկ կառավարությունների միջոցով: Ինչպե՞ս կարելի է բոլորի համար հարգանք պահանջել, եթե դուք չեք հարգում ոչ մեկին»,- հարցադրում է արել Պորոշենկոն:

Նա շեշտել է, որ լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ «Ռուսաստանը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խարխլում է խաղաղությունն ու անվտանգությունը»:

«Հարևան երկրներում իր ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը տասնամյակներ շարունակ կանխամտածված կերպով իր շուրջը անկայունության գոտի է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա, Ղրիմ և Դոնբաս: Բոլոր ձգձգված այս հակամարտությունները պահպանվում են Ռուսաստանի կողմից կամ անմիջական կապ ունեն նրա հետ»,- ասել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ Մոկսվայի ագրեսիայի հաջորդ օբյեկտը կարող է դառնալ ցանկացած երկիր՝ «ոչ միայն նրանք, որոնք աշխարհագրորեն մոտ են Ռուսաստանին»: Որպես դրա վկայություն՝ Պորոշենկոն բերել է սիրիական տարածքում «կանաչ մարդկանց» ի հայտ գալը:

Պետրո Պորոշենկոն ՄԱԿ-ի ամբիոնից «կասկածելի» է որակել ընթացակարգը, որով ՄԱԿ-ի ԱԽ-ում անդամությունը փոխանցվել է ԽՍՀՄ-ից Ռուսաստանին և մեղադրել է Մոսկվային ՄԱԿ-ում վետոյի իրավունքի չարաշահման մեջ: Պորոշենկոն կարծում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է արտացոլի 21-րդ դարի իրողությունները և ավելի շատ երկրներ ներկայացնի Աֆրիկայից, Ասիայից և Լատինական Ամերիկայից:

Putin-UNՊուտինը՝ ուկրաինական հակամարտության մասին

Սեպտեմբերի 28-ին վերջին տասը տարում առաջին անգամ Նյու Յորքում ելույթով է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Իր խոսքում ՌԴ առաջնորդը ներկայացրել է ահաբեկչության դեմ պայքարի, ուկրաինական հակամարտության, ՄԱԿ-ի ապագայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումները:

«Մեր որոշ գործընկերներ հետխորհրդային երկրները կանգնեցրին կեղծ ընտրության առաջ՝ լինել Արևմուտքի կամ Արևելքի հետ… Վաղ թե ուշ նման հակամարտ քաղաքականությունը պետք է վերածվեր աշխարհաքաղաքական լուրջ ճգնաժամի, և դա տեղի ունեցավ Ուկրաինայում, որտեղ օգտագործվեց բնակչության նշանակալի մասի դժգոհությունը գործող իշխանությամբ, և դրսից սադրվեց պետական հեղաշրջում: Արդյունքում քաղաքացիական պատերազմ բռնկվեց»,- հայտարարել է Պուտինը և ընդգծել, որ ելքը փակուղուց հնարավոր կլինի միայն այս տարվա փետրվարին ստորագրված մինսկյան համաձայնությունների «լիարժեք, բարեխիղճ կատարման դեպքում»:

«Սպառնալիքներով և զենքի ուժով Ուկրաինայի ամբողջականությունը հնարավոր չէ ապահովել, իսկ դա պետք է անել: Անհրաժեշտ է հաշվի առնել Դոնբասում [Ուկրաինայի արևելք] ապրող մարդկանց շահերն ու իրավունքները»,- ասել է Պուտինը:

Գլոբալ ռազմավարությունների ուկրաինական ինստիտուտի տնօրեն Վադիմ Կարասյովը BBC-ին մեկնաբանելով Պորոշենկոյի ելույթն ու զուգահեռներ անցկացնելով Պուտինի ելույթի հետ, ասել է. «Պորոշենկոյի ելույթը միտված է Ուկրաինային ցուցաբերվող քաղաքական, հումանիտար և դիվանագիտական աջակցության ուժեղացմանը»: Վերլուծաբանի խոսքով՝ Պորոշենկոյի ելույթում կարմիր թելով անցնում է «Ռուսաստանը ագրեսոր» է թեզը, ինչը կարևոր պահ է, քանի որ Պուտինն իր խոսքում նշել էր, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է և ներքին հակամարտություն:

«Պորոշենկոյի համար կարևոր էր պսակազերծել Ռուսաստանի քարոզչական այդ բանաձևը»,- նշել է Կարասյովը:

Ամերիկյան այցի նախաշեմին Վլադիմիր Պուտինը հարցազրույց էր տվել CBS հեռուստաալիքին:

Մեկնաբանել