Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարի՝ Ադրբեջանը երկու տասնյակից ավելի զոհ ունի

levon mnatsakanyan Լուսանկարը՝ Razm.info-ի

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը Արցախի Ազգային ժողովում խոսել է պաշտպանության բանակի պատժիչ գործողությունների և դրանց արդյունքում Ադրբեջանի տված զոհերի մասին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

Ըստ նրա Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը խորհրդարանում ասել է, որ պաշտպանության բանակը պատժիչ գործողություններ է ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ:

«Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են: Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա՝ ըստ Լևոն Մնացականյանի»,- գրել է Բեգլարյանը:

Իմ տեղեկություններով՝ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԱՀ զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

***

Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզում ադրբեջանական կողմի ականակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ՝ երկուսը Բերդավան, մեկը՝ Պառավաքար գյուղում:

Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արևելքում ադրբեջանական կողմի ականակոծության հետևանքով չորս հայ զինծառայող է զոհվել:

Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ կիրառել է 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ:

Մեկնաբանել