Հայաստանը բարելավել է դիրքը Մրցունակության համաշխարհային զեկույցում

rankings1.5594d706980cb2abca93e5cdc9de3298Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2015-2016»-ում զբաղեցնում է 82-րդ տեղը 140 երկրների շարքում` նախորդ տարվա համեմատ դիրքը բարելավելով 3 տեղով: Անցած տարի Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցրել էր 85-րդ տեղը:

2015-16 զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, Սինգապուրը և ԱՄՆ-ը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Գերմանիան և Նիդեռլանդները:

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի առաջընթաց են արձանագրել Տաջիկստանը (11 կետով), Ղազախստանը (8 կետով) և Ռուսաստանը (8 կետով): Վրաստանն իր դիրքերը բարելավել է 3 կետով. այս տարի այն ցուցակում 66-րդն է: Ադրբեջանը 40-րդն է (2014թ.` 38-րդ տեղ), Թուրքիան` 51-րդը (2014թ.` 49-րդ տեղ), Իրանը` 74-րդը (2014թ.` 83-րդ տեղ):

Համաձայն զեկույցի, որի արդյունքները ներկայացրել է ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, Հայաստանը առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական միջավայրի (5 կետ), առողջապահության և տարրական կրթության (4 կետ), ապրանքների շուկայի արդյունավետության (14 կետ), աշխատուժի շուկայի արդյունավետության (16 կետ) մասով: Փոքր զարգացումներ են գրանցել նաև բարձրագույն կրթություն և վերապատրաստում (3 կետ), ֆինանսական շուկայի զարգացվածություն (3 կետ) և շուկայի չափ (2 կետ) հենասյուների ցուցանիշները: Միաժամանակ վատթարացել են ինստիտուտների (4 կետ), ենթակառուցվածքների (4 կետ), տեխնոլոգիական պատրաստվածության (4 կետ), գործարարության կատարելագործվածության (4 կետ) և նորարարության (3 կետ) հենասյուների ցուցանիշները:

Նոր բիզնես սկսելու հետ կապված գործընթացների և ժամկետների բնագավառը Հայաստանի առավելությունների շարքում է: Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև հարկման ցածր դրույքը և աշխատանքի ընդունման/հեռացման ճկունությունը։ Մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են Ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, մարքեթինգի օգտագործումը, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի բաց ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը):

Հայաստանը շարունակում է մնալ արդյունավետության վրա հիմնված փուլում` շնորհիվ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծության: Հայաստանի ցուցանիշները մատնանշում են, որ զարգացման այս փուլում Հայաստանի հիմնական մարտահրավերներն են մարդկային կապիտալի զարգացումը, տեխնոլոգիաների օգտագործման տարածումը, նորարարությունների խթանումը, ֆինանսական համակարգի բազմազանեցումը և զարգացումը:

Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացման պոտենցիալը միջնաժամկետ հեռանկարում էապես կախված կլինի այս երեք գործոնների առաջընթացի ապահովումից։

Մեկնաբանել