Ռուսական օդուժն առաջին հարվածն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին

Russia AirstrikesՌուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին, հաղորդում է Vesti-ն:

«Սու-24» ռուսական երկու ռմբարկուները ռազմական առաջադրանքի են դուրս եկել դեպի Համա քաղաք՝ Դամասկոսից 213 կմ հեռավորության վրա:

ՌԴ ռազմաօդային ուժերի՝ ԻՊ խմբավորման դիրքերին հասցված հարվածների մասին առաջինը տեղեկացրել է CNN հեռուստաալիքը: Վերջինս, սակայն, նշել է, որ հարվածները հասցվել են Հոմս քաղաքի մերձակայքում:

«ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է ՀԱՊԿ-ին, որ Սիրիայում օդային օպերացիայի ընթացքում ռուսական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ԻՊ-ի ռազմատեխնիկային, զինապահեստներին և սպառազինություններին:

***

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը հաստատել է այդ տեղեկությունը:

Մեկնաբանել