Փաստաբանը հուսով է` ՄԻԵԴ-ում արագ ընթացք կտրվի Շանթի գործին

MHM88920-copyՄարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 1-ին գրանցել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և 10 ընկերների գանգատը, սակայն դեռևս վարույթ չի ընդունել այն. այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հարությունյանի և ընկերների փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

«Փաստորեն գրանցումը 15 օրվա ընթացքում տեղի ունեցավ, ինչն աննախադեպ է: Ստրասբուրգում գործող իրավաբանների հետ ևս խորհրդակցել ենք, և նրանք ևս ընդգծել են, որ դա աննախադեպ արագություն է: Սակայն սա դեռևս չի նշանակում, որ վարույթ է ընդունվել, ուղղակի գրանցվել է: Դա էլ արդեն կարևոր քայլ է»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:

Նա ասաց, որ գանգատը ներկայավցվել է սեպտեմբերի 15-ին հենց Ստրասբուրգում և դրանում նշվել է, որ խախտվել են իր պաշտպանյալների արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի և խաղաղ հավաք իրականացնելու իրավունքները:

«Արդար դատաքննության իրավունքի խախտումը կապված էր նրա հետ, որ դատական նիստերը տեղի ունեցան շատ հապճեպ, և ըստ էության, դատավճիռը կայացվեց 2 ժամում: Դատարանում լսվում էր 14 ամբաստանյլալի վերաբերյալ քրեական գործ, և դատարանը աննախադեպ արագությամբ ընդունեց վճիռը, որը բաղկացած էր 134 էջից»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ խախտվել են նաև ամբաստանյալների վերջին խոսքի, նրանցից որոշների դեպքում` նաև պաշտպան ունենալու իրավունքները:

Պետրոսյանը նշեց, որ դատարանի կողմից հապճեպ որոշում ընդունելը կապում են այն հանգամանքի հետ, որ մինչ դատավճռի կայացումը ՀՀ նախագահ Սերժ Սրագսյանը, ԱՄՆ-ում այցի ժամանակ պատասխանելով հարցերի, ասելէր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:

«Նա հստակ խախտեց անմեղության կանխավարկածը այն դեպքում, երբ նույնիսկ առաջին ատյանի դատարանը դատավճիռ չէր կայացրել»,- ասաց փաստաբանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում հաջորդիվ, Պետրոսյանը նշեց, որ եթե հետագայում վարույթ ընդունվի, ապա պետք է գործը քննվի:

«Հույս ունենք, որ կքննվի ոչ թե միանձնյա դատարանի կողմից, այլ քննության կառնվի պալատի կողմից: Եվ արդեն կսկսվեն կոմունիկացիաները: Եթե հարկ համարեն և գտնեն, որ խնդիր կա, ապա կառավարությանը հարցեր կուղղեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ որևէ ժամկետ դեռևս չեն կարող նշել:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն, Պետրոսյանը պատասխանեց, որ հույս ունեն` Եվադատարանում հնարավորինս արագ ընթացք կտրվի գործին, և կառավարությանը հարցեր կուղղվի:

«Եվրոպական դատարանում գործերը բավականին երկար են քննության առնվում, վերջնական որոշումները երկար են տևում ժամանակային առումով: Գանգատը հնարավորինս պարզ է մեր կողմից ներկայացվել՝ թե բովանդակային առոմով, թե խախտումները շատ հստակ են ներկայացվել»,- ասաց նա՝ հավեվելով, որ եթե ճանաչվեն իրենց ներկայացրած խախտումները, ապա կառավարության վրա լրացուցիչ պարտավորություն կդրվի, որպեսզի այսուհետ այդպիսի դեպքեր տեղի չունենան:

Պետրոսյանը չբացառեց, որ եթե խախտումները հաստատվեն, ապա վճռաբեկ դատարանը հնարավոր է` վերանայման վարույթ սկսի:

***

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը և նրա 12 համախոհները 2014թ. հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեցին 2013թ. նոյեմբերի 5-ին զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա, նրա անչափահաս որդի Շահենը՝ 4 տարվա պայմանական: Շանթի հետ «արժեքների հեղափոխության» դուրս եկած 12 համախոհներից Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց վեց, Ալեք Պողոսյանը՝ չորս, Արմեն Հովհաննիսյանը` երկու, Ավետիս Ավետիսյանը և Լիպարիտ Պետրոսյանը` հինգ, Մկրտիչ Հովհաննիսյանը` չորս, Տիգրան Պետրոսյանը` մեկ, Վահե Մկրտչյանը` յոթ, Վարդան Վարդանյանը` հինգ, Սևակ Մնացականյանը մեկուկես, Հայկ Հարությունյանը չորսուկես տարվա ազատազրկման, իսկ Միսաք Առաքելյանը՝ 50 հազար դրամ տուգանքի:

Վերաքննիչ դատարանը փետրվարի 2-ին անփոփոխ թողեց Շանթի և նրա 12 համախոհների գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Առաջին ատյանի դատարանի վճիռը անփոփոխ թողեց նաև վճռաբեկ դատարանը:

Մեկնաբանել