Մերկելը փոշմանել է՝ կաջակցի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

Մերկելին հոկտեմբերի 18-ին ընդունել է Էրդողանը: Մերկելին հոկտեմբերի 18-ին ընդունել է Էրդողանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա՝ չնայած Գերմանիայում և Թուրքիայում նրա այցի կապակցությամբ հնչող քննադատությանը: Պատճառն այն է, որ Մերկելի այցը տեղի է ունենում Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսին Մերկելը շեշտել է, որ բազմաթիվ կարևոր հարցեր կան, որոնց մասին պետք է հոգալ, «նույնիսկ եթե դա տեղի է ունենում Թուրքիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ»: Մերկելը հույս է հայտնել, որ կայանալիք ընտրությունները կանցնեն «արդար և ազատ միջավայրում»:

Վերահաստատելով Մերկելի խոսքերը՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ընտրությունների վրա չի կարող անդրադառնալ որևէ երկրի ներկայացուցչի այցը և ընդգծել, որ Մերկելի այցը «մարդասիրական» բնույթ է կրում:

«Ես չեմ կարող հասկանալ Թուրքիայում, Գերմանիայում և միջազգային կազմակերպությունների կողմից հնչող հայտարարությունները, որոնք Մերկելի այցը քաղաքական են որակում: Դա դավաճանություն է մարդասիրության դեմ: Մերկելի այցը չի ենթադրում աջակցություն այս կամ այն քաղաքական կուսակցությանը»,- Today’s Zaman-ը մեջբերում է Ահմեդ Դավութօղլուին:

Թուրքիայի վարչապետը հիշեցրել է, որ Թուրքիայում ապաստան է գտել ավելի քան 2,2 մլն փախստական և ողջունել Գերմանիայի՝ փախստականներին ապաստան տալու որոշումը, երբ «մյուսները փակել են իրենց դռները»:

Անգելա Մերկելը խոստացել է ընդառաջել Թուրքիայի չորս պահանջներին՝ Եվրամիության կողմից առաջարկվող՝ փախստականների խնդրի վերաբերյալ գործողությունների նախագիծն ընդունելու դիմաց:

«Կան չորս տարրեր: Գերմանիան պատրաստ է աջակցել այդ հարցերում»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի կանցլերը:

Անգելա Մերկելի և Ահմեդ Դավութօղլուի մամուլի ասուլիսը: Անգելա Մերկելի և Ահմեդ Դավութօղլուի մամուլի ասուլիսը:

Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել Գերմանիայի և ԵՄ-ի հետ փախստականների հարցի լուծման ուղղությամբ, այդուհանդերձ, Անկարան կենտրոնացած է չորս հարցերի վրա, որոնք են՝ Թուրքիա-ԵՄ անդամակցության բանակցությունների նոր գլուխների բացում, այցագրային ռեժիմի ազատականացում, փախստականների ճգնաժամը հաղթահարելու նպատակով ԵՄ-ից Թուրքիային 3 մլրդ եվրոյի փոխանցում և ԵՄ գագաթաժողովներին Թուրքիայի առաջնորդների մասնակցություն:

Թուրքիան նաև ակնկալում է մինչև 2016թ. իր քաղաքացիների համար այցագրային արտոնությունների տրամադրում՝ ռեադմիսիայի համաձայնագրի դիմաց, որը թույլ կտա ԵՄ-ին ներգաղթյալներին հետ ուղարկել Թուրքիա:

«Մենք համաձայնել ենք արագացնել բանակցությունների 17, 23 և 24 գլուխների բացումը»,- ասել է Դավութօղլուն:

«Գերմանիան պատրաստ է բացել գլուխ 17-ը այս տարի և պատրաստվել 23 և 24 գլուխների բացմանը»,- նշել է Անգելա Մերկելը և հարցադրում արել, թե ինչպե՞ս կարելի է ավելի դինամիկ կազմակերպել անդամակցության գործընթացը:

Ստամբուլում հոկտեմբերի 18-ին Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո Անգելա Մերկելին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի ղեկավարն ասել է, որ ինքը դիմել է Մերկելին, ինչպես նաև Ֆրանսիային, Բրիտանիային և Իսպանիային՝ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացն արագացնելու խնդրանքով:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել էր, որ «Եվրամիությունն անսպասելիորեն վերաբացահայտել է Թուրքիան»:

***

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել, որտեղ նրան ներկայացվել է փախստականների հարցով գործողությունների նախագիծ: Ըստ դրա՝ Անկարան պետք է նոր ճամբարներ հիմնի փախստականների համար և ուժեղացնի իր առափնյա պահակախումբը՝ դեպի Եվրոպա մարդկանց հոսքը դանդաղեցնելու նպատակով:

Վերջերս ելույթ ունենալով գերմանական ARD հեռուստաալիքով հեռարձակված թոք-շոուի ժամանակ՝ Մերկելն ասել էր, որ «ինքը մշտապես դեմ է եղել և շարունակում է դեմ լինել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը»:

Թուրքիան ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները սկսել է 2005-ին, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 1987թ.: Քաղաքական մի շարք խոչընդոտներ, մասնավորապես, Կիպրոսի հարցը և Թուրքիայի անդամակցությանն ընդդիմացող Գերմանիայի և Ֆրանսիայի բացասական դիրքորոշումը, արգելակել են բանակցային գործընթացը:

Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ԵՄ-ին անդամակցելու հասարակության ձգտումը վերջին տարիներին զգալիորեն նվազել է:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին տվյալներով՝ Թուրքիայի կառավարության կողմից գրանցված սիրիացի փախստականների թիվը ներկայում կազմում է 1,9 մլն մարդ:

Մեկնաբանել