Ծառուկյանի ընկերություններում էական խախտումներ չեն հայտնաբերվել

gagik tsarukyan serzh sargsyan«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի 7 տնտեսություններից 6-ում ստուգումներն ավարտվել են, և էական խախտումներ չեն հայտնաբերվել: Մնացել է ստուգել միայն «Արարատ ցեմենտ»-ը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքը, Ազգային ժողովում բյուջեի քննարկումից հետո լրագրողներին ասել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ ստուգումներում, բացի Ֆինանսների նախարարությունից, ներգրավված են եղել պետական այլ մարմիններ ու փորձագետներ:

Դիտարկմանը, որ կար քաղաքական բաղադրիչ այդ ստուգումներում, Խաչատրյանը պատասխանել է, թե Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարական է եղել, իրենք էլ ստուգել են:

Մյուս դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը խոսել էր միլիոնավոր դոլարների չարաշահման մասին, ֆինանսների նախարարը պատասպանել է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե էդպիսի բան է հայտարարել, այլ հանձնարարել է ստուգել չարաշահումների մասին լուրերը:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Ելույթում նա նաև ասել էր, որ «տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը [Գագիկ Ծառուկյանի կողմից – խմբ.] չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին», և Հովիկ Աբրահամյանին հորդորել էր հանձնարարել համապատասխան մարմիններին ստուգել այս լուրերի իսկությունը: Փետրվարի 15-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հանձնարարվել էր ստուգումներ սկսել Ծառուկյանի՝ բարեգործական գործունեության տակ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը ճշտելու ուղղությամբ:

Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ծառուկյան-Սարգսյան հանդիպում: Ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության»` փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը չկայացավ: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու և ԲՀԿ-ի ղեկը հանձնելու մասին:

Մարտի 5-ին Ծառուկյանը հանդես եկավ ելույթով և հայտարարեց, որ դուրս է գալիս ԲՀԿ-ից և հեռանում ակտիվ քաղաքականությունից:

Մեկնաբանել