Աճել են վարկային ռիսկերը, նվազել բանկերի շահութաբերությունը. ԿԲ

central-bankՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը», որում փաստում է երկրի բանկային համակարգում առկա բացասական միտումների մասին:

2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակել են արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, Հայաստան ներհոսող տրանսֆերտների ու մեր երկրից արտահանման նվազումը: Բանկային համակարգի վրա նշված զարգացումներն արտացոլվել են վարկային ռիսկի աճով և շահութաբերության նվազմամբ: Այնուամենայնիվ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի և կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար:

Տրանսֆերտների կրճատման արդյունքում բանկային համակարգի վարկային ռիսկն է աճել է, շահութաբերությունը նվազել:

2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսության և ֆինանսա­կան կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը պահպանվել են, սակայն նկատվել է վերջիններիս ազդեցության աճ: Մասնավորապես, միջ­ազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են ներքին սպառման, տնտեսական աճի դանդաղ­մանը: Նշված զարգացումները բացասաբար են ազդել տնային տնտեսությունների եկամուտների, ձեռնարկությունների վարկունակության վրա: Կիսամյակի ընթացքում տնտեսական աճը խթանելու նպատակով պետական բյուջեն ունեցել է ընդլայնողական ազդակ, ՀՀ ԿԲ-ն ևս տարեսկզբի համեմատ թուլացրել է դրամավարկային պայմանները:

Պահպանվել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճի միտումը:

Մակրոտնտեսական ռիսկերի աճի, 2014 թ. տարեվերջին դրամի արժեզրկման, ինչպես նաև նախորդող տարիներին արձանագրված վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում պահպանվել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճի միտումը, որը, սակայն, տարածաշրջանի երկրների համեմատ գտնվում է համեմատաբար ցածր մակարդակում: Կենտրոնական բանկը շարունակել է բանկային համակարգի առավել հաճախակի ու բազմակողմանի սթրես թեստավորումը, ինչպես նաև կիրառել է մի շարք պրուդենցիալ կարգավորման գործիքներ՝ վարկային ռիսկի զսպման նպատակով: Վատորակ վարկերի աճի և տոկոսային մարժայի նվազման արդյունքում նվազել է բանկերի շահութաբերությունը: 2014 թ. դեկտեմբերին ԿԲ կողմից բարձրացվել է առևտրային բանկերի նվազագույն կապիտալի պահանջը մինչև 30 մլրդ դրամ (վերջնաժամկետը 2017 թ.), ինչը ենթադրում է բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, լրացուցիչ բարձիկ է ստեղծում երկարաժամկետում ռիսկերի կլանման համար:

Վատորակ վարկերի աճի և տոկոսային մարժայի նվազման արդյունքում նվազել է բանկերի շահութաբերությունը:

Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում դիտարկվել է գործունեության ծավալային ընդլայնում, սակայն վերջիններիս մասնաբաժինը ֆինանսական համակարգում շարունակում է մնալ բավականին փոքր:

Ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգում առկա ռիսկերը դրսևորել են աճի միտում, սակայն կառավարելի են, և ֆինանսական համակարգը ունակ է դիմակայելու տարբեր տիպի ցնցումներին:

2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը» ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Մեկնաբանել