«ԱՄՆ-ն այլևս չի զինելու Սիրիայում քրդական զինուժին»

Kurdish Militia USAԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս զենք-զինամթերք չի մատակարարում Սիրիայում քրդական զինուժին՝ YPG-ին [«Ժողովրդական պաշտպանության ուժեր» – ՍիվիլՆեթ], այլ զինում է սիրիական ընդդիմությանը, որը կռվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Ինչպես գրում է Today’s Zaman-ը, քաղաքական այս շրջադարձը փարատում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մտահոգությունը՝ հյուսիսային Սիրիայում քրդական ազդեցության տարածման հարցում:

«Այս պահին մենք զենք-զինամթերք չենք մատակարարում YPG-ին: Մինչև այժմ մեկ անգամ զենք ենք մատակարարել սիրիական-արաբական կոալիցիային,- ասել է ԻՊ-ի դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը Սթիվ Ուորենը Բաղդադում լրագրողների հետ զրույցում: Նա հավելել է, որ ապագայում ևս զինամթերքը մատակարարվելու է սիրիական ընդդիմության անդամներին:

Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Թուրքիայի բարձրաձայնած անհանգստությանը, թե ԱՄՆ-ի և YPG-ի համագործակցությունը Սիրիայում խորանում է:

Ուորենն ասել է, որ ԱՄՆ-ը հասկանում է Թուրքիայի մտահոգությունները. ապագայում մատակարարումները կուղղվեն սիրիական ընդդիմադիր ուժերին:

Թուրքիան կապ է տեսնում քրդական զինուժ YPG-ի և Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև: Վերջինս ահաբեկչական է համարվում նաև ԱՄՆ-ում և ԵՄ-ում, սակայն ինչ վերաբերում է YPG-ին, Վաշինգտոնն այդ ուժը ահաբեկչականների թվին չի դասում: Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ «Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծում թույլ չտալու համար»:

Անկարան՝ ի դեմս ԱԳՆ խոսնակ Թանջու Բիլգիչի, ողջունել է ԱՄՆ-ի որոշումը. «Մենք ավելի վաղ մտահոգություն ենք հայտնել այդ հարցի շուրջ»,- լրագրողներին ասել է Բիլգիչը:

Անցյալ ամիս Սիրիայում չափավոր ընդդիմության ուժերը, այդ թվում՝ «Սիրիայի ազատ բանակը», YPG-ի հետ դաշինք են ստեղծել, որը կոչվում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»: Հոկտեմբերի կեսին ստեղծված դաշինքին, Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ը խոստացել էր զենք-զինամթերքի նոր մատակարարումներ:

Մեկնաբանել