Մայրիկ, մի՛ սպանիր ինձ

Պաստառ՝ Մարտունու համաբուժարանում: Պաստառ՝ Մարտունու համաբուժարանում:

Քսանամյա Անահիտն Ախուրյանի ծննդատանն իր առաջնեկին է ունեցել: Ասում է՝ տղա էին ուզում, բայց աղջիկ ծնվեց։ «Իսկ եթե նորից աղջիկ ունենա՞ք» հարցին Անահիտը չի հասցնում պատասխանել. սկեսուրն է կողքից միջամտում.

– Երրորդը կբերեն, էնքան, մինչև տղա ունենան:

Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների պատճառով տարեկան չի ծնվում 1400 աղջիկ՝ ըստ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) տվյալների: Ընդհատում են հղիությունը՝ սպասելով, որ հաջորդը տղա կլինի։ Այս ցուցանիշը մտահոգիչ է հատկապես մարզերում:

Ախուրյանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձ, գինեկոլոգ Ալլա Անտոնյանն ասում է, որ բնակչության մենթալիտետում դեռ առկա է անպայման տղա երեխա ունենալու գաղափարը։

Գավառի բժշկական կենտրոնը: Գավառի բժշկական կենտրոնը:

«Պայքար տանում ենք հնարավորինս, բայց արդյունավետ չէ, որովհետև մեկ է, եթե կինը որոշեց հղիությունն ընդհատել, ինչքան բացատրես, ինչքան համոզես, չի ստացվի։ Ունեցել ենք դեպքեր, երբ երկրորդ հղիության ժամանակ ցանկություն են ունեցել արական սեռի երեխա ունենալ, մեկ կամ երկու անգամ ընդհատում են արել, որովհետև ուզեցել են, որ երեխան անպայման լինի արական սեռի»,– ասում է նա։

Սեռով պայմանավորված աբորտների թվով առաջատար դիրքերում է Գեղարքունիքի մարզը: Այստեղ ևս գերիշխող է անպայման տղա երեխա ունենալու մենթալիտետը: Այս տարվա ինը ամիսներին Գավառի ծննդատանը, օրինակ, ծնվել է 212 տղա և ընդամենը 170 աղջիկ։

Մինչև 2060թ․ մոտ 100 հազ․ աղջիկ, այսինքն՝ ապագա մայր, լույս աշխարհ չի գա Հայաստանում:

Գեղարքունիքի մարզում, սակայն, վերջին տարիներին նվազել է սեռով պայմանավորված աբորտների թիվը. պատճառն ամենևին մենթալիտետի փոփոխությունը չէ, այլ մարզից մեծացող արտագաղթն ու ընդհանրապես ծնունդների կրճատումը:

«Ազգաբնակչությունը տեղում չէ, այն կոնտինգենտը, որ պիտի հղիանար, ծննդաբերեր, աբորտ աներ, դրսում է»,- ասում է Վազգանուշ Հովհաննիսյանը: «Ազգաբնակչությունը տեղում չէ, այն կոնտինգենտը, որ պիտի հղիանար, ծննդաբերեր, աբորտ աներ, դրսում է»,- ասում է Վազգանուշ Հովհաննիսյանը:

Գավառի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Վազգանուշ Հովհաննիսյանն ասում է, որ բնակչությունը շատ է պակասել, մարդիկ ընտանիքներով են գնում. «Ազգաբնակչությունը տեղում չէ, այն կոնտինգենտը, որ պիտի հղիանար, ծննդաբերեր, աբորտ աներ, դրսում է»:

Երկրորդ պատճառը բժշկուհին համարում է տնային պայմաններում կատարվող դեղորայքային աբորտները:

«Կանայք հաճախ առանց բժշկի դիմելու՝ դեղատներից վերցնում են դեղորայքը և օգտագործում վիժման նպատակով: Բայց վերջին ժամանակներս այդ դեղը՝ «Սայտոտեկը», դեղատներում առանց դեղատոմսի չեն տալիս: Նաև դա է պատճառը»,– նշւմ է բժշկուհին։

Նրա խոսքով` իրենց բուժհաստատությունում սեռով պայմանավորված աբորտներ չեն անում, քանի որ երեխայի սեռը հնարավոր է որոշել հղիության 12-րդ շաբաթվանից հետո, իսկ այդ ժամանակահատվածում հղիության արհեստական ընդհատումն արգելվել է։

Գավառի 29-ամյա բնակիչ Արամն ասում է, որ երբեք երեխայի սեռի պատճառով թույլ չի տա իր կնոջ հղիությունն ընդհատել, սակայն խոստովանում է՝ տղա ունենալը ցանկալի է, բայց ոչ պարտադիր.

«Շրջապատում մարդիկ կան, որ [սեռով պայմանավորված] աբորտ արել են: Իմ կարծիքով՝ դա շատ նեղ անձնական հարց է, խորհուրդ տալը ճիշտ չեմ համարում։ Մտածում են, որ սերունդը շարունակող է պետք, ազգանունը կրող: Էդ ավելի շատ սպանություն կարելի է համարել»։

19-ամյա Աննան իր առաջնեկին է սպասում, աղջիկ է լինելու: Նա ասում է՝ երեխայի սեռը կարևոր չէ, կարևորն առողջ երեխա ունենալն է.

«Հիմա էն ժամանակներն են, որ երեխա ունենալը շատ դժվար բան է, ու բոլորն էլ ձգտում են ունենալ առողջ երեխա: Ես շատ ուրախ եմ, որ ունենալու եմ առողջ երեխա։ Ժողովրդի մեջ կա մտածելակերպ, որ առաջինը տղա են ուզում, բայց էդ արդեն մարդուց է գալիս»։

Տղա երեխայի նախընտրությունը Հայաստանում միջինը վեց անգամ ավելի է. տասն անգամ՝ մարզերում, չորս անգամ՝ Երևանում։ Ըստ կանխատեսումների՝ եթե միտումն այսպես շարունակվի, մինչև 2060թ․ մոտ 100 հազ․ աղջիկ, այսինքն՝ ապագա մայր, լույս աշխարհ չի գա։

Արա Հարությունյան

Մեկնաբանել