Սեփական ժողովրդից խլվել է նրա հաղթանակը. Արցախի ընդդիմադիր կուսակցություն

Khanumyan Hayk Լուսանկարում` «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը դեկտեմբերի 6-ի հանրաքվեն համարում է «ՀՀ բարձրագույն իշխանության կողմից կազմակերպված հերթական պսևդոքվեարկություն, որում սեփական ժողովրդից խլվել է նրա հաղթանակը». այս մասին ասված է հանրաքվեի վերաբերյալ կուսակցության հայտարարության մեջ:

«Ուշադիր հետևելով ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին՝ հերթական անգամ ստիպված ենք խոր ափսոսանքով արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները, ամենից անօրինական ու անընդունելի եղանակներով և ձեռքի տակ եղած ողջ զինանոցի գործադրմամբ, խոչընդոտել են ժողովրդի՝ ազատ կամարտահայտման միջոցով սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի իրացմանը: Քվեարկության մեկնարկից առաջ գիտակցաբար ստեղծված մթնոլորտը, քվեարկության օրվա ընթացքում ընտրատեղամասերում և դրանց շրջակա տարածքներում գրանցված բազմաթիվ ընտրախախտումները, իսկ ընտրական տեղամասերի պաշտոնական փակումից հետո նաև որոշներում հաշվարկի չսկսելը, նրա ընթացքը չհիմնավորված կերպով կասեցնելը, շատ դեպքերում «Այո»-ի և «Ոչ»-ի վավեր քվեների փոխատեղումը, «Այո»-ի օգտին լրացված և նոր հայտնված քվեաթերթիկների ի հայտ գալը, որոշ ընտրատեղամասերում հանձնաժողովի կողմից «Ոչ»-ի փաստացի հաղթանակը օրենքով սահմանված կարգով վավերականացնելուց հրաժարվելը, կամ արդեն կնիքված և ԿԸՀ ուղարկելու պատրաստ փաթեթների պարունակությունը փոխելու փորձերը, ինչպես նաև ՀՀ ԿԸՀ կողմից տարվող պրովոկացիոն քաղաքականությունը և համատարած այլ ընտրախախտումների գոյությունը գալիս են մեզ բոլորիս համոզելու, որ մենք վկան ենք ՀՀ բարձրագույն իշխանության կողմից նախօրոք լավ կազմակերպված հերթական պսևդոքվեարկությանը, որում սեփական ժողովրդից խլվել է նրա հաղթանակը: Դա մի իրողություն է, որն արձանագրել են նաև քվեարկության օրը դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր միջազգային կազմակերպություններ»- ասված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը համարում է, որ Սահմանադրության փոփոխված տարբերակը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի անվտանգության և ժողովրդավարացման գործընթացի համար: «Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումն էր: Մենք խոր ափսոսանք ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հերթական խայտառակ ընտրությունների անցկացման կապակցությամբ և մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի իշխող ռեժիմի կամայականությունների դեմ պայքարող մեր բոլոր հայրենակիցներին»,- նշված է հայտարարության մեջ:

***

Հանրաքվեի պաշտոնական նախնական արդյունքներով սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 825 851 ընտրող, «ոչ»` 421 600 ընտրող:

Դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և քվեների հաշվարկի ընթացքում ՍիվիլՆեթը, այլ լրատվամիջոցներ, բազմաթիվ դիտորդներ ու քաղաքացիներ արձանագրել էին բազմաթիվ ընտրախախտումներ:

Նոր Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Մեկնաբանել