Հրետանին և փողոցը

11636_bՀայաստանում ընդդիմությունը երբեք չի «հաղթել» իշխանությանը, որովհետև ինքը երբեք տոտալ պատերազմի մեջ չի մտել իշխանության դեմ: Խոսենք պատկերավոր: Ընդդիմությունը ժողովրդով հանդերձ Հայաստանն է, իշխանությունը՝ Ադրբեջանը: «Ադրբեջանն» ամբողջ ընթացքում ռմբակոծում է «Հայաստանը», ընդ որում, ոչ միայն «սահմանամերձ գոտիները», այսինքն, միայն ընդդիմադիր ուժերին, այլև նրա զենքի ազդեցությունը հասնում է մինչև «Աշոցք»՝ Թուրքիայի սահմանի մոտ: Այսինքն՝ ժողովրդին, չարքաշ հայաստանցուն: Ընդդիմությանը թույլատրված չեն պատասխան հեռահար կրակոցները, ավելին, նրան թույլատրված է կրակել միայն դատարկ փամփուշտներով՝ պայմանով, որ վրիպեն: Հրետանին, որով ընդդիմությունը կարող էր հավասարակշռություն ունենալ իշխանության հետ պայքարում, միջազգային կառույցներն են ու աշխարհի մեծերը՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա և այլն: Նրանցով հնարավոր է կրակել մինչև «Բաքու»:

Ընդդիմությունն այդ «հրետանին» չունի: Ավելին, «հրետանին» ինքն է ընդդիմությանն ասում, թե ինչպիսի զենքեր ու կրակոցներ են թույլատրված վերջինիս: Նույնիսկ «դիպուկահարների» մասնակցությունն է արգելված ընդդիմությանը: Փոխարենը իշխանությունն իր «դիպուկահարներով» կարող է «ոչնչացնել» Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին, Հայկ Կյուրեղյանին, Գևորգ Սաֆարյանին: «Հրետանին» նայում է «Հայաստանի» աչքերի մեջ ու ասում՝ ձեր գործն արդար է, բայց աշխարհաքաղաքականությունը պահանջում է, որ մենք լինենք «Ադրբեջանի» կողքին: Սա է, որ նախագահի, խորհրդարանի ընտրություններից և սահմանադրական հանրաքվեներից հետո ընդդիմությունը չի կարող բացատրել ժողովրդին: Նա չի կարող ժողովրդին ասել՝ մենք հաղթել ենք, բայց դրսի ուժերը մեզ թույլ չեն տալիս արձանագրել մեր հաղթանակը: Ես չեմ ասում, թե առանց դրսի ուժերի հնարավոր չէ հաղթել: Պատկերացրեք «հաղթանակի» համար տարվող բանակցությունները «հրետանու», այսինքն, ծանր զենքի, հետ: «Հաղթանակն» արդեն մինչև բանակցությունների սկիզբն է դատապարտված: «Հրետանին» գիտի, որ «Հայաստանի» գործն արդար է, տեսնում է, որ «Բաքվի» զինանոցը հասնում է մինչև Թուրքիայի սահմանին գտնվող մկան ծակերը: Այսինքն, ոչնչացնում է «Հայաստանի» հողը թիզ առ թիզ, միլիմետր առ միլիմետր: «Հրետանին» գիտի, որ ոչ միայն ընդդիմությունը, այլև հենց պետական միավոր համարվող Հայաստանն այդ պայմաններում ապագա չունի: Սակայն դեռ «հաղթանակի» պահը չի եկել: Մարդիկ պետք է սովորեն լսել իշխանություններին և ընդդիմությանը: Իշխանությունը հաճախ է հանդիպում «հրետանու» հետ: Ինքնին հանդիպումը որոշ աջակցություն ենթադրում է, ընդդիմությունը նույնպես առիթ է ունենում սեղմելու «հրետանու» ձեռքը: Սակայն դա զուտ քաղաքական կամ ավելի ճիշտ պարտությունների պայմանավորվածության ձեռքսեղմում է: Հրետանին «Հայաստանին» ասում է՝ մեր աջակցությունը բացառվում է: Սակայն «հրետանին» ինքն իրեն թույլատրում է «խալաստոյ» կրակոցներ արձակել իշխանությունների ուղղությամբ, որոնցից են մարդու իրավունքների խայտառակ վիճակը, ընտրությունների կեղծումը, դատապարտյալների և ձերբակալվածների խոշտանգումը, և այլն: Այս ամենը «հրետանին» կարող է իրեն թույլ տալ: «Հրետանին» կարող է նույնիսկ հոխորտալ «Բաքվի» դեմ, սակայն սա ընդամենը կրակելու սպառնալիք է և ոչ երբեք՝ կրակոց: «Բաքուն» արագ է հասկանում, թե ինչ կարող է կորցնել «կրակվելու» հնարավորությունից:

Սա է, որ երբեք շարքային հայաստանցուն չի ասվի, նա ամեն անգամ կգնա ընտրատեղամաս վստահ լինելով, որ քվեարկությամբ կարող է փոխել իշխանությանը կամ կանխել սահմանադրական հանրաքվեն: Իսկ իշխանությունը գիտի, որ «հրետանին» իր հաշվարկներն ունի, «հրետանին» ընտրությունների կեղծիքներով միայն «Բաքվի» խոցելիությունն է կուտակում, որպեսզի իր լեզվով կարողանա խոսել նրա հետ: Հայաստանի իշխանությունը երբեք չէր ունենա այդքան համարձակություն կեղծելու և խոշտանգելու Հայաստանի քաղաքացուն: Ոստիկանապետի «Ես Գասպարյան Վովան» եմ փողոց ծածկող բասը ավելի խուլ կրակոց է, քան քաղաքացու սովորական «փըխկ»-ը ոստիկանապետի ուղղությամբ: Բայց քաղաքացին, ի տարբերություն օրենքից դուրս գործող ոստիկանապետի, չգիտի, որ էդ անօրինականությունը նրան երաշխավորված է «հրետանուց»:

Ինչպե՞ս վարվի Հայաստանի քաղաքացին: Առջևում նույնպես ընտրություններ են: Նշանակում է, «հրետանին» կրկին պետք է նստի իշխանությունների հետ բանակցությունների՝ կեղծիքների հերթական «խմբաքանակը» որպես «տրանշ» երաշխավորելու համար: Արդեն իսկ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տրամաբանությունը հուշում է, որ ոչ մի ընտրացուցակ չի բացվելու, ընտրական ռեգիստր չի մաքրվելու, մատնահետքերով քվեարկություն չի լինելու: Այսինքն, իշխանությունը սարքում է մի Ընտրական օրենսգիրք, որպեսզի անպայման իրականացվելիք կեղծիքների շուրջ բանակցի «հրետանու» հետ: Փողոցը «հրետանու» համար անհասանելի մետաֆիզիկական այն տարածքն է, որտեղ ՀՀ քաղաքացին իշխանություն ունի ցանկացած պայմանավորվածությունից անկախ, այդ իշխանությունից քաղաքացին կարող է օգտվել ամեն օր, ամեն ժամ, ամեն ակնթարթ: «Երևանը» պետք է կարողանա փողոցի իշխանությունը դարձնել դոմինանտ նույնիսկ «հրետանու» աշխարհաքաղաքական երևակայության վրա, որովհետև հզոր փողոցի առջև «Բաքվի» շարքային հրձիգն անելիք չունի: Նա, իհարկե, կարող է ասել, որ սրբություն չունի, որ շարքային հայաստանցու կյանքն իր համար արժեք չէ, որ ինքն «իր եղբոր պահակը չէ», բայց փղոցը «հրետանուն» նույնիսկ կստիպի հաշվի նստել «փըխկ» ասող քաղաքացու հետ, որի ամբողջ զենքը «խալաստոյ» փամփուշտի բեմական կրակոցի մակարդակի իջեցված քվեն է: Մնում է, որ «Երևանը» (այսինքն, համապատասխան ընդդիմադիր ուժը) վերականգնի իր հարազատությունը փողոցի (այսինքն, շարքային քաղաքացու) հետ:

v

Մեկնաբանել