ՌԴ փոխվարչապետը Բաքվից պահանջում է վճարել գնված զենքի դիմաց. «Կոմերսանտ»

Rogozin BakuՆերկա փուլում Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա. երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ տարածաշրջանային մակարդակով քննարկումներ են ընթանում Մերձավոր Արևելքում առկա մարտահրավերների, մասնավորապես, ահաբեկչական վտանգի վերաբերյալ: Ռուսաստանի փոխվարչապետը, անդրադառնալով Մոսկվայի դեմ պատժամիջոցներին, նշել է, որ «Ադրբեջանն ակտիվորեն սատարում է Ռուսաստանին»: Նա նաև ընդգծել է Ադրբեջանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճը:

Իլհամ Ալիևն իր հերթին ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական շփումների և հեռախոսազրույցների ընթացքում քննարկվում են բազմաթիվ հարցեր, որոնցից «մեծ մասի շուրջ փոխըմբռնում կա»: Իլհամ Ալիևի խոսքով՝ երկու երկրներն այսօր երկկողմ հարաբերությունները բնութագրում են «որպես ռազմավարական, դաշնակցային կապեր»:

Ինչպես փոխանցում է Trend գործակալությունը, Ալիևն ասել է, որ գործուն աշխատանք է տարվում ադրբեջանական արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

Մոսկվան Բաքվից պահանջելու է վճարել ՌԴ-ից գնված զենքի դիմաց. «Կոմերասանտ»

Թեև ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ ՌԴ փոխվարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը ռազմական բնույթի հարցեր չեն քննարկվել, սակայն ռուսական «Կոմերսանտ» թերթը Ռոգոզինի այցի նախաշեմին գրել է, որ բանակցությունների առանցքը լինելու է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, որը, թերթի աղբյուրների տեղեկացմամբ, վերջերս դժվարություններ է ապրում:

«Էներգետիկ պաշարների գնանկմամբ պայմանավորված՝ Բաքուն ի վիճակի չէ վճարել Ռուսաստանից ձեռք բերված զենքի դիմաց: Չի բացառվում նաև, որ ադրբեջանցի բանակցողները կբարձրացնեն Հայաստանին մատակարարվող ռուսական սպառազինության հարցը»,- գրել է «Կոմերսանտը»:

Գործընթացին մոտ կանգնած աղբյուրները պարբերականին պատմել են նաև, որ Բաքու են մեկնել ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող «Ռոսօբորոնէսպորտ» ընկերության, ինչպես նաև Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները: Թերթի տվյալներով՝ այցը կրում է «հատուկ բնույթ»:

Հիմնական խնդիրն այն, որ «Ադրբեջանը փող չունի», գրում է «Կոմերսանտը» ու մեջբերում իր զրուցակիցներից մեկին, որն ասել է, որ «Բաքվի պատվիրած տեխնիկան պատրաստվել է և առաքվել, սակայն շարունակում է անշարժ մնյալ նավահանգստում՝ սպասելով հարցի լուծմանը»:

«Ադրբեջանը խոշոր խաղորդ է զենքի շուկայում, և Ռուսաստանը մտադիր չէ նրան կորցնել: 2010-2014թթ. Բաքուն Մոսկվայի հետ կնքել է C-300 տիպի զենիթահրթիռային կայանքների երկու դիվիզիոնների, Top-2МЭ զենիթահրթիռային համակարգերի, շուրջ հարյուր ռազմական և տրանսպորտային ուղղաթիռների, հարյուրավոր տանկերի, սպառազինության մի շարք այլ տեսակների ձեռքբերման մասին պայմանագրեր: Դրանց ընդհանուր ծավալը հասնում էր 4 մլրդ դոլարի, և մի շարք աղբյուրների տեղեկություններով՝ պայմանագրերի մեծ մասը կյանքի է կոչվել»,- նշում է թերթը:

Պարբերականը մատնանշում է նաև Ադրբեջանի արձագանքը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված զենքի վարկին (200 մլն դոլար), որի կապակցությամբ Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հղել:

«Դա պարզապես ծիծաղելի է՝ հաշվի առնելով, որ Բաքուն Մոսկվայի հետ ունի 4 մլրդ դոլարի զենքի վարկ, ինչքը քսան անգամ գերազանցում է նույն նպատակով Հայաստանին տրամադրված վարկը»,- իրավիճակը «Կոմերսանտի» հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս չի հերքել, որ Ադրբեջանը սպառազինությունների առանձին տեսակներով քանակական առավելություն ունի, սակայն, նրա խոսքով, գումարային գործակցով այս առավելությունը երբեք կրիտիկական չի եղել: ՀՀ ՊՆ խոսնակը ռուսական թերթին տեղեկացրել է, որ Մոսկվան ավելի վաղ Երևանին տրամադրել է բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որ սպառազինությունների մատակարարումը չի ազդի տարածաշրջանում ուժերի ներկայիս հավասարակշռության վրա:

***

Փետրվարի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոտա էր հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը՝ Ռուսաստանից Հայաստանին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կապակցությամբ: Ադրբեջանը հայտարարել էր, որ Հայաստանին սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումը «չի նպաստում հակամարտության կարգավորմանը»:

Պաշտոնական Բաքուն Ռուսաստանի կողմից Հայաստանի զենքի վաճառքը որակել էր «երկակի չափանիշների դրսևորում» և հայտարարել, որ որոշ դեպքերում Ռուսաստանը Հայաստանի զենք-զինամթերք է վաճառում «չափազանց ցածր գներով»:

Հակադարձելով Բաքվին՝ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ «Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը թափանցիկ է՝ միջազգային բոլոր պարտավորությունների պահպանմամբ»:

Մեկնաբանել