ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

georgiastatehouseԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը մարտի 2-ին ընդունել է ներկայացուցիչներ Փեթ Գարդների ու Դեմետրիուս Դուգլասի ներկայացրած բանաձևը, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, բանաձևը կոչ է անում «միջազգային հանրությանը` ըստ արժանվույն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»:

Փաստաթուղթը կարևորում է Արցախի՝ ինքնորոշման համար մղված շարունակական պայքարը՝ որպես «բազմաթիվ ազգերի ոգեշնչման ողբյուր», որը դարձել է «նախկին Խորհրդային Միության փլուզման կատալիզատորներից մեկը»: Փաստաթղթում միաժամանակ շեշտվում է, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերել է «տոկունություն և անսասանություն պատերազմի, կոտորածների, տնտեսական փլուզման և այլ ծանր դժվարություններին առերեսվելիս»:

Բանաձևը նաև վկայակոչում է միջազգային դիտորդների՝ 2015թ. մայիսի 3-ի Արցախում կայացած ընտրությունները «ազատ և թափանցիկ» որակող գնահատականը:

Այսպիսով` ԱՄՆ Ջորջիա նահանգը համալրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող և աջակցող Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Լուիզիանա, Մեյն և Կալիֆոռնիա նահանգների շարքը:

Մեկնաբանել