Վանո Սիրադեղյանի ամենաանհաջող «կադրը»

vladimir gasparyanՎանո Սիրադեղյանի ամենավատ «ծառայությունն» այս պետությանն այն է, որ նրա կերպարից մեզ «մնաց» Վլադիմիր Գասպարյանը: «Դուք գողական չեք, արա» արտահայտության հեղինակը երեք քաղաքի ոստիկանապետ է ազատում աշխատանքից այն պատճառաբանությամբ, որ գողական Թևոսիկն ու նրանք հանկարծ հայտնվել են խնջույքի նույն սեղանի առաջ: Նախ ի՞նչ տարբերություն՝ քաղաքի ոստիկանապե՞տ, թե՞ Թևոսիկ: Երկրորդ, ո՞վ ասաց, որ Դուք այնպիսի պետություն եք կառուցել, որտեղ ոստիկանապետը չի կարող Թևոսիկի հետ խնջույքի նույն սեղանի առաջ նստել: Երրորդ, ի՞նչ է տեղի ունեցել՝ սատանան սուրբ ջու՞րն է մտել: Էդ գողականները պետք է Թևոսիկի հետ լուրջ խոսեն, որ նա ոստիկանապետերի հետ է նստում, վեր կենում: Չորրորդ, ձեզնից բեթար գողական կա՞ էս պետության մեջ: Էդ ոստիկանները հայտնվել են հենց այնտեղ, որտեղ պիտի լինեին: Հինգերորդ, գուցե շնորհակա՞լ լինենք, որ Թևոսիկին ոստիկանապետ չեք դարձրել:

Հլը մի հատ ուշադիր նայեք Հայաստանի Հանրապետության վրա: Ինչ-որ ոստիկանապետերի մոտ պետք է հարցե՞ր առաջանային, երբ նրանք Թևոսիկին տեսան իրենց սեղանի առաջ: Հակառակը պետք է հարցեր առաջացներ: Ավելին, հարցեր են առաջանում, թե դուք որտե՞ղ էիք, պարոն Գասպարյան, ինչու՞ նույն սեղանի առաջ չէիք: Գուցե Թևոսիկին կրկես էր պետք: Մենք էդ կրկեսը տեսել ենք, մենք էդ կրկեսից նույնիսկ չենք էլ ազատվել, ինչո՞վ է Թևոսիկը մեզնից լավ: Թե՞ էդ ոստիկանապետերը Թևոսիկին չեն կարողացել համոզել, որ մարտի 1-ին իրենց հետ ծաղիկ խոնարհի Մյասնիկյանի արձանի մոտ այդ օրվա զոհերի հիշատակի առաջ: Քեֆ է, տղերքն անում են, ի՞նչ եք ուզում նրանցից:

Հիմա էդ նոր նշանակվածները Թևոսիկի հետ հաց չեն ուտելու՞: Էդ դեպքում քանի՞ գրոշ արժե ոստիկանապետի աթոռը: Դուք հասկանու՞մ եք ես ինչից եմ խոսում: Ես Հայաստանի Հանրապետությունից չեմ խոսում, ես խոսում եմ կրկեսից, որը դուք դարձրել եք այս պետությունը: Շիրակի նոր մարզպետի համար «ընդդիմադիր քաղաք» և «վատ քաղաք» բառերը հոմանիշ են: Սա պետական պաշտոնյա է: Հիմա Թևոսի՞կն է վատ տղա, թե՞ այս մարդը: Թևոսիկն է ավելի գողակա՞ն, թե՞ Հովսեփ Սիմոնյանը: Բացառված չէ, որ ի տարբերություն այդ մարդու, Թևոսիկը կրթություն ունի: Իսկ էդ, որ համապետական և թաղային ոչ մի ընտրություն առանց քրեական աշխարհի հեղինակությունների չեք անցկացրել, հաշիվ չէ՞: Ոչնչում լրջություն չկա, պարոն Գասպարյան: Գուցե Հովիկ Աբրահամյանին և Գագիկ Բեգլարյանի՞ն հարցնեք, թե ինչ անուրանալի ծառայություններ ունի քրեական աշխարհը Սերժ Սարգսյանի նախագահական երկու «հաղթանակների» առաջ: Հիմա սխալ կլինի՞, եթե Թևոսիկը մի ասուլիս հրավիրի և պատիվ պահանջի: Դուք էս ու՞մ եք ուրանում, երբ աքաղաղը նույնիսկ մեկ անգամ չի կանչել: Սա, ի վերջո, բազարի երկիր չէ՞: Առանց բազարի իշխանության մեջ երբևէ հա՞րց է լուծվել:

Ու՞մ եք ծաղրում: Կրկնում եմ՝ էդ գողականները Թևոսիկի հետ խոսելու բան ունեն, Թևոսիկը դեռ մի բան էլ անձամբ պիտի հաշիվ տա, եթե, իհարկե, «հաշիվ տալու ունի», թե ինչպես է երեք ոստիկանապետի հետ հայտնվել խնջույքի նույն սեղանի առաջ: Իսկ ոստիկանապետերը ոչ լեգիտիմության այս համապետական խնջույքի տղերքն են, կուզեն մարդ կսպանեն, կուզեն նարկոտիկ կգցեն Թևոսիկի կամ իմ գրպանը, կուզեն նրանից նարկոտիկ կվերցնեն, կգցեն ձեր գրպանը, որպեսզի «Ես Գասպարյան Վովան եմ» բաս-համերգն ավելի համոզիչ հնչի: Իրականությունն այն է, որ Թևոսիկն այստեղ կապ չունի: Գողականներն ընդհանրապես կապ չունեն՝ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանը՝ վկա: Չէ՞ որ այս երկուսի թիմակից երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո, երբ ընտրակեղծարարության համակարգումը մնաց անտեր, Սերժ Սարգսյանի նեղ շրջապատն անձամբ է Մհեր Սեդրակյանից պահանջել իր քրեականներով համակարգել հանրաքվեի կեղծարարությունը հաջողացնելու գործը: Նրանք էլ հաջողացրեցին:

Թևոսիկը խորհրդանիշ է: Տեղ-տեղ նա նույնիսկ հույս է, որովհետև ինքն իրեն պաշտոններ չի վերագրել, ինքն իրեն փրկիչ չի համարում, ամենակարևորը (և սա պարադոքս չէ)՝ գիտի, թե ում հետ է նստում և վեր կենում, և կարիք չունի հաշիվ տալու իր քրեական ընկերներին:

Երբ ոստիկանները Թևոսիկի հետ նստում և վեր են կենում, էս փաստն իրենց աչքի առաջ նկատի չունե՞ն: Թե՞ փորձում եք հետքեր մաքրել: Դժվա՞ր է այդքան ծիծաղելի չլինելը: Կթողնե՞ք, որպեսզի մի օր այս պետության սովյալը, այս պետության մուրացկանը, այս պետության կիսախելագարը գլխի ընկնի (եթե հասկանալն անհնար է), որ իր չքավորությունը, իր անբուժելի, զարգացող հիվանդությունը գին ունի: Որ այդ գինը Հայաստանի Հանրապետություն ունենալն է: Ի՞նչ պարտադիր է նրանց ողբերգությունը հագեցնել կրկեսով: Թևոսիկը խորհրդանիշ է, ասում եմ ձեզ: Տեղ-տեղ նա նույնիսկ հույս է, որովհետև ինքն իրեն պաշտոններ չի վերագրել, ինքն իրեն փրկիչ չի համարում, ամենակարևորը (և սա պարադոքս չէ)՝ գիտի, թե ում հետ է նստում և վեր կենում, և կարիք չունի հաշիվ տալու իր քրեական ընկերներին: Եթե պետք է, կնստի «ոստիկանապետի» հետ, եթե պետք չէ, չի նստի: Ինքը գիտի, որ ոստիկանապետ չկա, կան դիմակավոր քրեականներ, ինքը գիտի, որ պետականության ոչ մի ընկալում չի պղծել, թեպետ պղծողների հետ է նստում ու վեր կենում: Ինքը քրեական է, որն իր բարոյականությունն ունի: Ինքը պետության մեջ փայ չի մտել, ինքը փայ մտնողների հետ է տալիս առնում, ինչպես իրեն հարգող ցանկացած քրեական: Եվ ինքը չի բղավում՝ ես Թևոսիկն եմ:

Մեկնաբանել