«Ժառանգությունը» ներկայացրել է նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ դիտարկումները

eb97fb4e9d9e48628cfe0b244763f12f-472x265«Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիտարկումները:

Ինչպես ասված է «Ժառանգության» վարչության տարածած հաղորդագրության մեջ, կուսակցությունը կարևորում է ընտրությունները վերահսկելու իրական գործիքակազմի առկայությունը, որն իր արտացոլումը պետք է գտնի ընտրական օրենսգրքում և դրա իրականացումն ապահովող այլ օրենսդրական ակտերում:

Նշվում է, որ նկատի ունենալով մինչև այժմ տեղի ունեցած տարբեր ընտրությունների, մասնավորապես 2013թ. նախագահական ընտրությունների ու 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի կեղծումները, առանցքային դեր է հատկացնում հատկապես «Մեկ քաղաքացի-մեկ քվե» սկզբունքի պարտադիր կիրառմանը: «Վերջին 15 տարիների ընթացքում իշխանությունների վարած ապիկար և կեղեքիչ քաղաքականության հետևանքով Հայաստանից արտագաղթել են մեկ միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնց փոխարեն, ընտրակեղծարարության մի հրեշավոր համակարգի կիրառմամբ, քվեարկում են իշխանությունների հանցակիցները՝ նրանց օգտին ապահովելով հավելյալ 500.000-600.000 անօրինական քվե»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ժառանգություն»-ը նշում է, որ օրախնդիր է համարում այնպիսի ընտրական օրենսգրքի ընդունումը, որը կապահովի հետևյալ սկզբունքները`

Քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում,

քվեարկությունից մեկ ամիս առաջ Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակի հրապարակում,

մատնահետքով էլեկտրոնային գրանցում,

քվեասենյակի և ընտրատեղամասի առցանց տեսանկարահանում,

համամասնական պարզ, առանց վարկանիշային քվեարկության ընտրակարգի ներդրում,

բողոքարկումների և վերահաշվարկի ժամկետների երկարացում,

թեկնածուի կամ թեկնածու կուսակցության լիազոր ներկայացուցչի կողմից ցանկացած նշված տեղամասի բողոքարկման հնարավորության մեխանիզմի կենսակոչում,

ընտրություններում ձայների 3 տոկոսը հաղթահարած կուսակցությունների նախընտրական ծախսերի մասնակի փոխհատուցում՝ պետական ֆինանսավորմամբ:

***

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն էր:

Այն, սակայն, հանրությանը հասանելի դարձավ միայն մարտի 2-ին` կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգի շրջանակում: Փետրվարի 22-ին նոր Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը տեղադրվել էր Վենետիկի հանձնաժողովի կայքում:

Կառավարությունը մարտի 3-ի նիստին հավանության արժանացրեց ԸՕ նախագիծը, և այն այժմ սահմանված կարգով պետք է ներկայացվի ԱԺ քննարկմանը:

Նոր Ընտրական օրենսգրքի հիմնական նորամուծություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՍիվիլՆեթը Ընտրակն օրենսգրքի նախագծի շուրջ զրուցել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի և «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոնի նախագահ Արթուր Մինասյանի հետ: Նրանք կարծում են, որ այս նախագիծը նահանջ է գործող Ընտրական օրենսգրքից և սահմանափակում է հանրության վերահսկելու գործառույթները: Հարցազրույցը` ստորև:

Մեկնաբանել