Գազի հավելյալ ծավալներ և զեղչ՝ Բաքվից Թբիլիսիին

Kaladze Abdullaev Կախա Կալաձեի և Ռովնագ Աբդուլլաևի հանդիպումը Բաքվում 2016թ. փետրվարի սկզբին:

Վրաստանը Ադրբեջանից կստանա լրացուցիչ 500 մլն խմ բնական գազ: Համապատասխան համաձայնագիրն այսօր կնքվել է Թբիլիսիում Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի և ադրբեջանական SOCAR նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևի միջև:

Թբիլիսիի և Բաքվի միջև կնքված փաստաթղթերի համաձայն՝ Վրաստանը նաև սոցիալայան գազի զեղչ է ստանում:

«Վրաստանը կստանա հավելյալ ծավալներ հարավկովկասյան (Շահ Դենիզ) գազատարով: Բացի այդ, SOCAR-ը պատրաստակամություն է հայտնում գազալցակայաններում կոմերցիոն գազի գինն իջեցնելու հարցում՝ 35-40 դոլար հազար խմ-ի դիմաց:

2012-ի համեմատ՝ Վրաստանում գազի սպառումն աճել է 40 տոկոսով, ինչը հավելյալ ծավալների անհրաժեշտություն է առաջացրել»,- հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը:

Ռովնագ Աբդուլլաևի հետ համատեղ մամուլի ասուլիսին Կալաձեն հայտարարել է, որ համաձայնագրի կնքումից հետո Իրանից բնական գազ ստանալու «անհրաժեշտություն չկա». Թեհրանի հետ բանակցություններն ընթացել են Ադրբեջանից բնական գազի մատակարարման տեխնիկական խնդիրների պատճառով:

«Մենք հանդիպել ենք, խոսել ենք այն մասին, թե որքանով է հնարավոր իրանական գազի ստացումը: Տեսականորեն դա հնարավոր է, սակայն այսօր նման անհրաժեշտություն չկա: Մենք ձևակերպել ենք համաձայնագիր երկրի, ընկերության՝ ռազմավարական դաշնակցի հետ, որը բնական գազ կմատակարարի Վրաստանին և կբավարարի շուկայական պահանջը»,- նշել է Կալաձեն:

***

Վրաստանը տարեկան սպառում է մոտ երկու մլրդ խմ բնական գազ: Վրաստանի գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է:

Geostat վրացական ազգային վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2014թ. ընթացքում Վրաստանը Շահ Դենիզ-1 հանքավայրից գնել է 250 մլն խմ գազ 55 դոլարով և 500 մլն տոննա՝ Շահ Դենիզ-2 հանքավայրից՝ 64 դոլարով: Բացի այդ, Վրաստանը 2008թ. Ադրբեջանի հետ կնքել է համաձայնագիր, որի համաձայն՝ արտոնյալ պայմաններով գնում է 500 մլն խմ գազ («սոցիալական գազ») բնակչության համար՝ 189 դոլարով հազար խմ-ի դիմաց:

Վրաստանը ստանում է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 12 տոկոսը՝ որպես տարանցման դիմաց վճար:

Փետրվարի սկզբին նավթի և գազի պաշարների հետազոտմամբ և արդյունահանմամբ զբաղվող Frontera Resources միջազգային ընկերության ղեկավար Սթիվ Նիքանդրոսը հայտարարել է, որ Վրաստանում հայտնաբերվել են 5 տրլն խմ գազի պաշարներ: Նրա խոսքով՝ «3-5 տարուց Վրաստանը բնական գազ կմատակարարի Թուրքիային և Արևելյան Եվրոպային»: Նիքանդրոսի տեղեկացմամբ՝ հանքավայրը գտնվում է Արևելյան Վրաստանում:

Բնական գազի մատակարարման շուրջ Վրաստանի՝ Ադրբեջանի, Իրանի և ռուսաստանյան «Գազպրոմի» հետ բանակցությունների մասին ավելին՝ այստեղ:

Մեկնաբանել