ԼՂ ճանաչման օրինագիծը Մոսկվայի հետ չի քննարկվել. Կրեմլ

Peskov KarabakhԿրեմլը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին «խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել փխրուն հրադադարն ու հանգեցնել իրադրության սրման»: Այս մասին, «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության կողմից «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացության նախագծին հավանություն տալու լուրը:

«Մենք շատ ուշադիր ենք հետևում որոշումներին, որոնք կայացվում են այդ համատեքստում, և, անշուշտ, նախկինի պես ակնկալում ենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խարխլել բավական փխրուն հրադադարը և հանգեցնել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք որոշումը քննարկվել է Ռուսաստանի հետ, թե ոչ, Պեսկովն ասել է. «Ո՛չ, Մոսկվայի հետ դա չի քննարկվել»:

***

Կառավրությունը մայիսի 5-ի նիստին հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատճառ չի տեսնում Հայաստանի խորհրդարանականների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագծի շուրջ խուճապի համար: Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի որոշվելու միակողմանի կերպով:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամավորների առաջարկություն է: Եվ Հայաստանի կառավարությունը, ըստ իրենց օրենքի, ինչպես նրանք բացատրել են բոլորին՝ հանգստացնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, և խուճապ պետք չէ»,- ասել է Լավրովը: