Ի՞նչ ստացանք Ղարաբաղի ճանաչման շուրջ աղմուկից

Karabakh, electionsԱռավոտյան Ղարաբաղի ճանաչման օրինագծի մասին աղմուկ ենք անում ամբողջ աշխարհով մեկ: Միջազգային մամուլը գրում է, որ Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Ադրբեջանական մամուլը գրում է, որ Հայաստանը տապալում է Մինսկի գործընթացը:

Կառավարության նիստին փոխարտգործնախարարի ելույթից, նաև կառավարության կայքում դրված օրենքի նախագծի ու դրա հիմնավորման տեքստում չկա եզրակացությունը: Պետք է ենթադրեինք, որ արտգործնախարարի հետևյալ գրությունը նախագծի եզրակացությունն է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում արտաքին գործոնները»:

Դրակա՞ն էր եզրակացությունը, թե՞ բացասական, իմանալ հնարավոր չէր: Այն ավելի շուտ լղոզված էր:

Փոխարտգործնախարարը կառավարության նիստից դուրս է գալիս ու լրագրողներին տալիս պատասխաններ, որոնք կրկին չեն բացահայտում, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, թե ոչ:

Բարձրացված աղմուկը, նախօրեին Լավրովի հայտարարությունը, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարող միակողմանիորեն լուծվել, իսկ կառավարության նիստից հետո՝ նաև Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովի խիստ հայտարարությունը ստիպում են Հայաստանի արտգործնախարարությանը դիվանագիտական այս խորամանկությունը բացահայտել:

ԱԳՆ-ն պարզաբանում է, որ «Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը»: Երեկոյան էլ ՀՀԿ նիստից հետո Շարմազանովն է ասում, որ նախագահի խոսքը ուժի մեջ է՝ Հայաստանը Ղարաբաղի անկախությունը կճանաչի այն դեպքում, երբ Ադրբեջանը նոր պատերազմ սկսի:

***

Այս ամբողջ պատմության ու դիվանագիտական հնարքի մեջ մի քանի խնդիր է առաջ գալիս:

Նախ, անլուրջ է, երբ երկրի կառավարությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը ամբողջ աշխարհի մոտ փորձում է պատրանք ստեղծել, թե Հայաստանը պատրաստվում է ճանաչել Ղարաբաղը, այն դեպքում, երբ օրինագծի եզրակացությունը բոլորովին դա չէր նշանակում: Կրկնակի անլուրջ է օրինագծի շուրջ աղմուկից և Ռուսաստանի կոշտ արձագանքից հետո պարզաբանելը, որ դա բոլորովին այն չէ, ինչի մասին բոլորը մտածում էին:

Երկրորդ, ինչո՞ւ է կառավարությունը ընդդիմադիր երկու պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որը հակասում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, քաղաքական-լրատվական այդպիսի կարևորություն հաղորդում, միջազգային հնչեղություն տալիս: Ի՞նչ հարց է լուծում: Եթե նպատակը Ղարաբաղի անկախության ճանաչումը օրակարգ բերելն է, և դա քաղաքականության հստակ փոփոխություն է, ինչո՞ւ դա չի արվում այլ եղանակով ու այլ ձևերով: Մի՞թե մենք կարծում ենք, որ այս պարզունակ հնարքով պետք է աշխարհին խաբենք:

Երրորդ, ինչո՞ւ ենք հավելյալ առիթ տալիս, որ Ադրբեջանը պնդի, թե Հայաստանը տապալում է Մինսկի գործընթացը, և ինչո՞ւ ենք միջնորդ երկրների մոտ անլուրջ տպավորություն ստեղծում: Չէ՞ որ առաջին հերթին մենք ենք շահագրգիռ, որ Մինսկի գործընթացը շարունակվի, և Բաքուն է, որ փորձում է տապալել այն:

Ակնհայտ է, որ Հայաստանը ներկա պահին չի պատրաստվում ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ բանակցային գործընթացը չտապալելու և խնդրի քաղաքական կարգավորմանը հասնելու տրամաբանությունից ելնելով:

Այսքանից հետո մնում է պարզել, թե ինչի հասավ Հայաստանի իշխանությունը՝ մի կաթիլ ջրում փոթորիկ անելով ու սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը շփոթի մեջ գցելով:

Մեկնաբանել