Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների երրորդ փուլը

g_imageԵրևանում մայիսի 12-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների հերթական` երրորդ փուլը:

Բանակցությունները համանախագահել են ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելը:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, բանակցություններին քննարկվել են քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության գլուխների դրույթները:

Այնուհետև, տեղի է ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոլորտային ու առևտրի և ներդրումների հարցերին նվիրված մինչև օրս եվրոպական կողմի հետ անցկացված բանակցությունների արդյունքները, ինչպես նաև նախանշվել են ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը։

***

2013թ. աշնանը շուրջ չորս տարի տևած բանակցություններից հետո Հայաստանը պետք է Եվրոպական Միության հետ ստորագրեր Ասոցացման համաձայնագիր և Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր: 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությանը (ավելի ուշ՝ Եվրասիական տնտեսական միություն): Այդ հայտարարությունը փաստացի նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպական Միության հետ շուրջ չորս տարի բանակցված փաստաթղթերից:

Երկու տարի անց` 2015թ. դեկտեմբերի 7-ին, Բրյուսելում ազդարարվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը:

Բանակցությունների երկրորդ փուլը կայացել էր փետրվարի 17-ին Բրյուսելում:

Մեկնաբանել