ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի. Մինսկի խմբի նախարարներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները մայիսի 16-ի երեկոյան Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունը հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով նախարար Հարլեմ Դեզիրի անունից:

Հայտարարությունում նշվում է, որ երեք նախարարները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, «նրանք վերահաստատել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», «համանախագահները պնդել են 1994 և 1995 թթ. զինադադարի համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը»:

«Նախագահները վերահաստատել են զինադադարը պահպանելու և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունները կանխելու համար՝ նրանք համաձայնեցին հնարավորինս կարճ ժամանակահատվածում ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրմանը: Նախագահները համաձայնեցին նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը: Վերջապես, նրանք համաձայնեցին փոխանակել տեղեկատվություն անհետ կորածների մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո, ինչի շուրջ նախագահները պայմանավորվել էին 2014թ. հոկտեմբերին Փարիզի գագաթաժողովում:

Նախագահները պայմանավորվեցին հանդիպումների փուլ սկսել հունիսին փոխհամաձայնեցված վայրում՝ նպատակ ունենալով վերսկսել համընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցությունները»:

Մեկնաբանել