Լավրովը խոսում է փուլային կարգավորման մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը տրամադրված են փոխզիջումների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հիմքեր կան ենթադրելու, որ Բաքուն և Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցում տրամադրված են փոխզիջումների, և միջնորդները պետք է նպաստեն դրան»,- մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Լավրովը:

Սերգեյ Լավրովը, խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին, լրագրողներին ասել է.

«Փոխզիջում միշտ էլ հնարավոր է: Համենայն դեպս, եթե նման հնարավորություն չլիներ, ապա Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կդադարեին այս հարցով զբաղվել: Մենք նպատակադրված ենք գործը ավարտին հասցնելու, որպեսզի շարժվենք հակամարտության լիարժեք կարգավորման ուղղությամբ: Հավանաբար կողմերի միջև բավական լարված իրադրության պատճառով դա կարվի փուլ առ փուլ, և կարգավորման առաջին փուլի ուղենիշերը համաձայնեցնելու հնարավորություն կա»:

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ հայ և ադրբեջանցի բանակցողները տրամադրված կլինեն ձևակերպելու փոխզիջումները: Մենք ամեն կերպ դրան նպաստելու ենք»,- ասել է Լավրովը:

Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: Հանդիպումից հետո նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում:

Մեկնաբանել