Դիրքերում վիրավորված Արման Լազգիյանին անհապաղ վիրահատել են

1463555032Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը մայիսի 17-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է:

Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, մայիսի 17-ին տղային կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ ձախ պլևրալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում:

Նախարարությունից նշում են, որ նույն օրը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է գաստրոսկոպիկ հետազոտություն, և 12-մատնյա աղիքում հայտնաբերվել է «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել է, կարվել է խոցը, ինչպես նաև կատարվել է պլաստիկ միջամտություն:

Այս պահի դրությամբ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նշվում է, որ հաշվի առնելով, որ երեկ Արման Լազգիյանը վիրահատվել է, բժիշկների գնահատմամբ` վերականգնողական բուժման նպատակով նրա արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է որոշ ժամանակով հետաձգել:

Ի սկզբանե նախատեսված էր, որ Արման Լազգիյանը Գերմանիա կտեղափոխվի մայիսի 17-ի երեկոյան: Նրա հայրը` Միքայել Լազգիյանը, ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ վիճակի կայունացումից հետո տղան կտեղափոխվի արտասահման` շարունակելու հետագա բուժումը: