Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդի և վարչապետի թեկնածու՝ Բինալի Յըլդըրըմ

Binali YildirimԹուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) երկրի տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յըլդըրըմի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է կուսակցության առաջնորդի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, կուսկցության խոսնակ Օմեր Չելիկը Յըլդըրըմի անունը հրապարակել է այսօր կուսակցության գործադիր մարմնի հանդիպումից հետո:

Յըլդըրըմը համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավորներից: Նա ԱԶԿ-ի նախագահ կընտրվի մայիսի 22-ին կուսակցության արտահերթ հավաքի ժամանակ:

Ակնկալվում է, որ ԱԶԿ-ի առաջնորդի պաշտոնին կհավակնի միայն մեկ թեկնածու: Դավութօղլուի հրաժարականից հետո Էրդողանը Թուրքիայի նոր կառավարություն կազմելու մանդատը կփոխանցի Դավութօղլուի հաջորդին:

Ահմեդ Դավութօղլուն ԱԶԿ-ի առաջնորդ էր ընտրվել 2014թ. օգոստոսին: Իր հրաժարականի մասին նա հայտարարել է մայիսի 5-ին՝ Էրդողանի հետ հակասություններով պայմանավորված:

Թուրքիայի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի հակասությունների մասին ավելին՝ այստեղ: