Հղիության արհեստական ընդհատում. վիճակագրություն և խնդիրներ

Հայաստանում 2010-ին անցկացված «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության» համաձայն՝ մեր երկրում դրան նախորդող երեք տարիների ընթացքում հղիությունների 10-ից 3-ն ավարտվել է աբորտով (29%):

Բնակչության աճի պատճառով աշխարհում աբորտների թիվն աճել է 5,9 մլն-ով՝ 1990-94 թթ. 50,4 մլն-ից 2010-14 թթ. դառնալով տարեկան 56,3 մլն: Զարգացած երկրներում աբորտների ցուցանիշը նվազել է 19 կետով՝ 46-ից դառնալով 27, իսկ զարգացող երկրներում փոփոխություն համարյա չի եղել:

Առողջապահական խնդիրներով մասնագիտացած The Lancet հանդեսի 2010-ի հետազոտությունը ցույց է տվել, որ աշխարհում 15-44 տարիքային խմբում 1000 կնոջ հաշվով տարեկան կատարվում է 35 աբորտ, ինչը 5-ով պակաս է 1990-1994 թթ. արդյունքից՝ 40 աբորտ 1000 կնոջ հաշվով:

2010-2014 թթ-երի գնահատականով՝ հղիությունների շուրջ 25%-ն ավարտվել է աբորտով: Իսկ աբորտների 73%-ը կատարել են ամուսնացած կանանք:

Աշխարհում ամեն տարի 21,6 մլն կին անապահով աբորտ է անում, որոնցից 18,5 մլն-ն իրականացվում է զարգացող երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «անապահով աբորտը» բնութագրում է մարդու կողմից իրականացվող հղիության ընդհատում, երբ դրա համար չունի անհրաժեշտ հմտություններ, և ընդհատվում է մի միջավայրում, որը չի համապատասխանում նվազագույն բժշկական չափանիշներին կամ երկուսն էլ միասին:

Յուրաքանչյուր տարի 47 000 կին մահանում է անապահով աբորտների հետ կապված բարդություններից: Այդ մահերը կազմում են մայրական մահացությունների 13%-ը:

Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հղիության արհեստական ընդհատման խիստ արգելքները չեն ապահովում ընդատումների ցածր ցուցանիշները: Օրինակ, Աֆրիկայում ծնունակ տարիքի 1000 կնոջ հաշվով հղիության ընդհատումների ցուցանիշը 29 է, Լատինական Ամերիկայում՝ 32. սրանք տարածաշրջաններ են, որտեղ երկրների մեծամասնությունում հղիության ընդհատումները հիմնականում ապօրինի են համարվում:

Հայաստանում 2010թ. անցկացված «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության» համաձայն՝ մեր երկրում դրան նախորդող երեք տարիների ընթացքում հղիությունների 10-ից 3-ն ավարտվել է աբորտով (29%): Աբորտով ավարտվող հղիությունների մասնաբաժինը նկատելիորեն աճում է կնոջ տարիքին և հղիության հերթականությանը զուգընթաց (Տես գրաֆիկ 1):

Ի դեպ, հղիության արհեստական ընդհատման և կնոջ կրթական մակարդակի միջև նույնպես կապ կա. կրթության մակարդակի աճին զուգահեռ նվազում է աբորտով ավարտված հղիությունների մասը:

Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր հարցվածների ⅓-ը (31%) ունեցել է աբորտ: Գոյություն ունի ուղիղ համեմատական կապ երբևէ կատարած աբորտների և կենդանի երեխաների թվաքանակի միջև: Այսպես՝ մեկ երեխա ունեցող կանանց 17 տոկոսն է աբորտ արել, երեխա չունեցող կանանց՝ 1 տոկոսից էլ քիչը: Նույն ցուցանիշը 2-3 երեխա ունեցող կանանց շրջանում կազմել է 58 տոկոս, իսկ 4 կամ ավելի երեխա ունեցող կանանց շրջանում` 56 տոկոս:

Հարցված կանանց շրջանում աբորտների 39%-ը պայմանավորված է եղել այլևս երեխա չունենալու ցանկությամբ, 15%-ականը՝ սոցիալ-տնտեսական պատճառներով կամ հաջորդ երեխայի ծնունդը հետաձգելու ցանկությամբ, 8%-ն էլ ցանկացել է տղա երեխա ունենալ:

UntitledՀայաստանում 2000-ից ի վեր նկատվում է հղիության արհեստական ընդհատումների թվի նվազման միտում. այսպես՝ 2000-ին հարցված կանանց գրեթե կեսը (47%) է ունեցել աբորտ, 2005-ին՝ 37%-ը, 2010-ին՝ 31%-ը:

Աբորտների նվազումը մասամբ պայմանավորված է նաև հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտագործման մակարդակի աճով և նույն ժամանակահատվածի կտրվածքով՝ հակաբեղմնավորման ավանդական մեթոդների օգտագործման նվազմամբ:

Հայաստանում թույլատրվում է կատարել հղիության արհեստական ընդհատում վիրահատական եղանակով մինչև 12 շաբաթականը, եթե չկան կնոջ համար որոշ բժշկական հակացուցումներ: 12-22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը կարող է կատարվել ՀՀ կառավարության սահմանած բժշկական և սոցիալական ցուցումների առկայության դեպքում:

Հատկապես արտահիվանդանոցային պայմաններում կատարված աբորտները կարող են հանգեցնել ծանր հետևանքների՝ չբերության, հաշմանդամության, մահվան: Սա այն պարագայում, երբ այդ ամենից հնարավոր է խուսափել ընդամենը բեղմնականխիչների գրագետ գործածությամբ:

Այդ խնդրի լուծմանն աջակցելու նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն օգնել է Հայաստանում ստեղծել ընտանիքի պլանավորման կետեր, որոնք բնակչությանն անվճար տրամադրում են բժշկական խորհրդատվություն և ժամանակակից բեղմնականխիչ միջոցներ:

Աբորտի ցուցանիշները 1990-ականներից զգալի նվազել են զարգացած երկրներում, բայց ոչ զարգացողներում: Սեռական և վերարտադրողական առողջության պահպանման մատչելիության ապահովումը կարող է օգնել միլիոնավոր կանանց՝ խուսափել չպլանավորված հղիություններից և ապահովել անվտանգ աբորտի հնարավորություն: Հայաստանում, օրինակ, 2000-ից ի վեր աբորտից մայրական մահ չի գրանցվել:

Լիլիթ Աբովյան

Աղբյուրներ՝

The Lancet հանդես

Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ Հայաստան

ՀՀ առողջապահության նախարարություն

Մեկնաբանել