«Կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով»

Shavarsh-KocharyanՀայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Panorama.am կայքին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախօրեի հայտարարությունը, որ ԼՂ խնդրի կարգավորման միակ հնարավոր տարբերակը փուլայինն է: Ալիևը կրկին հայտարարել էր, որ ԼՂ խնդիրը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

ՀՀ փոխարտգործնախարարը նշել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ, և հակամարտությունը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի համար պատասխանատվության շրջանակներում»:

«Միջազգային հանրությունը փորձ է արել Ադրբեջանի ղեկավարությանը տալ քաղաքակիրթ կառուցողական հուն վերադառնալու հնարավորություն: Դրա համար Բաքուն պետք է համաձայնեցնի և կյանքի կոչի մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում վերահաստատված համաձայնությունները և նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը: Սակայն Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բաքուն կորցնում է միջնորդների կողմից իրեն ընձեռված նաև այդ հնարավորությունը:

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հստակորեն ցուցադրեց իր ղեկավարության անկարողությունը՝ հետևելու իր իսկ կողմից ստորագրված համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, և ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով և Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Մեկնաբանել