Օրը, սեպտեմբերի 8. Հայաստանը՝ առանց վարչապետ

Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց

Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ է տալիս վարչապետի պաշտոնին․ այս մասին նա հայտարարել է կառավարության նիստին։

«Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում նշանակվել էր 2014թ․ ապրիլին՝ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից հետո։

Կարեն Կարապետյանը՝ վարչապետի հավանական թեկնածու

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում փոխարինելու է Երևանի նախկին քաղաքապետ, ռուսական «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հրաժարվել է մեկնաբանել իր հնարավոր նշանակումը։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, սակայն, որ Կարապետյանը, որը ներկայում «Գազպրոմի» դուստր ընկերությունում՝ «Մեժռեգիոնգազում», գլխավոր տնօրենի տեղակալն է՝ ռազմավարության և զարգացման հարցերով, արդեն հրաժարական է տվել այս պաշտոնից։ Կարապետյանի կենսագրական տվյալները «Մեժռեգիոնգազի» պաշտոնական կայքից հեռացված են։

Ըստ մամուլի հրապարակումների՝ վարչապետի փոփոխությանը հետևելու են նաև մի շարք նոր նշանակումներ․ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվելու է արտգործնախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Պաշտոնին հրաժեշտ է տալու նաև ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Խոսվում է նաև ֆինանսների և գյուղատնտեսության նախարարների հնարավոր պաշտոնանկության մասին։

ԼՂ հարցի քննարկում Մոսկվայում և Փարիզում

Մոսկվայում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Բանակցությունների ընթացքում հերթական անգամ քննարկվել են ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացրած պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի երկայնքով առկա դրությունը:

***

Այսօր ԼՂ հարցը քննարկվել է նաև Փարիզում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետնախարար Հառլեմ Դեզիրի հանդիպմանը: Մամեդյարովն ընդգծել է, որ հանուն հակամարտության շուտափույթ կարգավորման՝ Ադրբեջանը մշտապես սատարում է բովանդակային և արդյունավետ բանակցություններ:

ԱՊՀ ևս մեկ երկիր մնաց առանց վարչապետ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել երկրի վարչապետ Քարիմ Մասիմովին վարչապետի պաշտոնից ազատելու մասին: Մասիմովը նշանակվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ:

Ուզբեկստանն ունի ժամանակավոր ղեկավար

Կենտրոնասիական մեկ այլ երկիր՝ Ուզբեսկտանը, այսօր ունեցավ նախագահի պաշտոնակատար՝ վարչապետ Շավկաթ Միրզիյոևը: Ուզբեկստանի անկախության հռչակումից ի վեր երկրի միակ նախագահ Իսլամ Քարիմովը մահացել էր անցյալ շաբաթ:

Ինջիրլիքը բացվեց Գերմանիայի առաջ

Գերմանիան այսօր հայտարարել է, որ Թուրքիան թույլատրել է իր խորհրդարանականների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Քայլը ողջունել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ ասելով, որ Թուրքիայի կառավարության այս որոշմամբ «արվել է մեկ քայլ առաջ»:

Հունիսի 2-ին Բունդեսթագի ընդունած բանաձևից վրդովված՝ Անկարան ամիսներ շարունակ թույլ չէր տալիս գերմանական պատվիրակության մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա և Գերմանիայի կառավարությունից պահանջում էր օտարվել օրենսդիրի ընդունած որոշումից:

Մեկնաբանել