Հալեպում վիճակը օրհասական է, մեծ է Հայաստանում հաստատվել ցանկացողների թիվը. հալեպահայ գործիչ

Այս օրերին Հալեպի հայությունը, ինչպես քաղաքի ամբողջ բնակչությունը, պատերազմական գործողությունների ուժգնացման հետևանքով գտնվում է օրհասկան վիճակում: ՍիվիլՆեթը քաղաքում և մասնավորապես համայնքում տիրող իրավիճակի շուրջ զրուցել է Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանի (Մանուէլ Քեշիշեան) հետ։

«Ինչպես գիտեք, կառավարական զորքը սկսել է ներխուժել քաղաքի՝ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջան, ուր փորձում է ներխուժել հյուսիսից, հարավից և արևմուտքից։ Թվում է, թե ռուսները որոշել են մինչև նոր զինադադարի համաձայնությունը անպայման գրավել այդ շրջանի կարևոր մի մասը: Ասում եմ՝ մի մասը, որովհետև շատ դժվար է ամբողջությամբ գրավելը: Սակայն զորքը և նրա դաշնակից ղեկավարները հուսով են, որ մի մասի գրավումով և շրջափակման հետևանքով, առանց չափազանց մեծ թվով զոհեր տալու, կկարողանան հակառակորդին ստիպել հանձնվել կամ զենքերը վայր դնելով՝ իրենց ընտանիքներով հեռանալ շրջանից՝ հաշվի առնելով, որ այստեղ զինյալների մեծ մասը տեղացիներ են: Ինչպես տեղի ունեցավ Հոմսի կամ Դամասկոսի Դարայա շրջաններում»,- ՍիվիլՆեթին ասաց Քեշիշյանը՝ հավելելով, որ ներկայում ընդդիմադիրներն անելանելի վիճակում են:

«Նրանք ամբողջ ուժով դիմադրում են և միևնույն ժամանակ փորձում են պետական վերահսկողության տակ գտնվող վայրերում ստեղծել խառնաշփոթ, վախ ու սարսափ սփռել և ռմբակոծում են մեր թաղամասերը՝ թիրախ դարձնելով իրենց ռումբերի համար հասանելի վայրերը: Անպայման պետք է նշել, որ միայն հայկական թաղամասերը չեն, որ ռմբակոծվում են։ Հալեպի մյուս՝ արևելյան կողմը, դժոխքի է վերածված, մեր՝ արևմտյան կողմը սարսափի է մատնված, հայաշատ թաղամասերի մեծ մասը հասանելի են հակառակորդին, միայն մեկ շաբաթվա մեջ ունեցանք ութ զոհ, որոնցից երեքը՝ հոկտեմբերի 5-ին, ունենք տասնյակ վիրավորներ, նյութական կորուստներ։

Համայնքը սգի մեջ է, համայնքը շվարած վիճակում է։ Երբեմն լավատեսորեն ենք տրամադրվում՝ հուսալով, որ շուտով ամբողջ քաղաքը պետական իշխանության տակ կվերցվի, և մեզ վրա կդադարեն արձակվել ռումբեր։ Սակայն շուտով դարձյալ իշխում է հուսահատությունը, և մենք հակվում ենք մտածելու, թե այստեղ՝ Հալեպում, Սիրիայում, մեզ համար տեղ չմնաց ապագայում»,- ասաց նա:

Քեշիշյանի խոսքով՝ այսօր Հալեպում կա 8-ից 10 հազար հայ, հայկական բոլոր դպրոցների աշակերտության թիվը մոտ 2 հազար է, կան հազարից ավելի 70 տարեկանից բարձր անձինք: Հայ Ազգային ծերանոցում ապրում է երեսունից ավելի ծեր: Ազգային Պատսպարանի (որբանոց) մանուկները (14-15 հոգի) տեղափոխվել են տարբեր ընտանիքներ։ Քեշիշյանի խոսքով՝ մեկ շաբաթից ավելի է՝ հայկական գրեթե բոլոր դպրոցների դռները փակ են։ Հետաձգվել են բոլոր միջոցառումները՝ բացառությամբ Լևոն Շառոյանի՝ 2016թ․ Հալեպում լույս տեսած «Դեգերումներ Հայ Գիրի եւ Պատմութեան Գետեզրին» գրքի շնորհանդեսի:

Մեկ շաբաթից ավելի է՝ ջուր չկա: Էլեկտրականություն կա՝ միայն գեներատորներից, և այն շատ թանկ է. «Համայնքը ծայրաստիճան աղքատացած է, և մեծ մասամբ ծայրը ծայրին է հասցնում տարբեր հաստատություններից ստացած օգնություններով»:

«Համայնքի ղեկավարությունը ցանկանում է պահպանել գաղութը՝ չի կարելի ամբողջությամբ լքել համայնքը»

Մանուել Քեշիշյանի խոսքով՝ մյուս կողմից՝ բոլորը՝ և՛ նրանք, ովքեր կողմ են համայնքը ամբողջովին լքելուն, և՛ նրանք, ովքեր համոզված են, որ համայնքը պետք է պահպանվի՝ ցանկացած զոհողության գնով, բոլորը վստահ են, որ դրսից պետք է օգնել նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ համայնքից, և ստեղծել այնպիսի պայմաններ, որ հեռացողները գոնե հաստատվեն Հայաստանում: «Այստեղ է, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է համագործակցեն,- ասաց Քեշիշյանը՝ շարունակելով,- տեխնիկապես հնարավոր է երկրից դուրս գալ։ Ճանապարհները բաց են դեպի Բեյրութ, ուր, սակայն, սիրիացիների մուտքի համար պահանջվում են որոշ պայմաններ․ օդանավի տոմս ունենալու դեպքում տրանզիտ վիզա են տրամադրում, հայկական անցագիր ունեցող սիրիահայերին մեկ ամսվա մուտքի վիզա է տրվում սահմանի վրա»:

Ըստ նրա՝ խնդիրը նյութականն է․ շատերը նույնիսկ ճանապարհածախս չունեն, մեծ է թիվը Հայաստանում հաստատվել ցանկացողների: «Դժվար է հասկանալ՝ մի՞թե հնարավոր չէ, որ Հայաստանի իշխանությունների կողմից հողատարածքներ տրամադրվեն, մի՞թե հնարավոր չէ տրամադրված հողատարածքների վրա շենքեր կառուցվեն Սփյուռքի կազմակերպությունների կողմից: Չե՞նք հասկանում, որ մինչ այժմ եղած օգնությունների մեծ մասը անիմաստ ու անօգուտ էին»,- ասաց Մանուել Քեշիշյանը:

«Հայաստանի իշխանությունների վերջին օգնության առնչությամբ լուրջ տարակուսանք կա»

«Օդանավերից առաջինը վայրէջք կատարեց Լաթաքիայի մոտ գտնվող ռուսական ռազմակայանում, այն դեպքում, երբ Լաթաքիայում կա նաև քաղաքացիական օդակայան, կա Դամակոսի օդակայանը, ուր պետք է բաժանվեն Հայաստանի և Սիրիայի պետական դրոշների նկարներով այս օգնությունները: Երկու շաբաթ առաջ ռուսները իրենց բերած օգնությունները բաժանեցին Հալեպի՝ պետական վերահոսկողության տակ գտնվող Աշրաֆիե թաղամասում՝ ասելով, որ այդ օգնությունները տրամադրվեցին տեղի մեծապես տուժածներին և ընդդիմադիրների տարածքներից եկած փախստականներին։ Նույնը հավանաբար կատարվի նաև հայասատնյան օգնության դեպքում․ բաժին հանելով նաև հայերին՝ Ռուսաստանը փորձում է հայերին ամբողջությամբ ներքաշել։ Անձամբ ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ այս օգնության ամբողջ ծախսը հոգացել են ռուսները։ Մենք կամաց-կամաց դառնում ենք պրոպետական կողմ»,- ասաց Մանուել Քեշիշյանը՝ անդրադառնալով Հայաստանից ուղարկված օգնությանը։

Նա մեկ այլ մտավախություն հայտնեց. «Սիրիական հակամարտությունը կարող է երկար տևել, և գետնի վրա այսօր հաղթողը կարող է վաղը պարտվել և այսպես շարունակ։ Ու ահա մտավախությունս, որ այսօր կարող է ծիծաղելի թվալ․ ռուսների քաջալերանքով և մեր հայրենասիրական ազգասիրական բարձր կոչերով՝ հայկական կամավորական վաշտեր կազմվեն՝ իբր օգնության հասնելու Հալեպի սիրիահայերին»:

«Մի խոսքով՝ անկեղծ ասած՝ հայ համայնքը լավ տրամադրվածություն չունի այս օգնության հանդեպ: Ա՞յս էր Անկախ Հայաստան պետության անելիքը: Մենք շատ լավ գիտենք, թե Հայաստանի ժողովուրդը որքան շատ է մտահոգված մեզնով, շատ լավ գիտենք, որ Հայաստանում գրկաբաց կընդունվենք, այն դեպքում, երբ Հայաստանի ժողովրդի վիճակը, մեղմ ասած, այնքան էլ փայլուն չէ: Զարմանում ենք Հայաստանի պետության և Սփյուռքի մեր մեծ կազմակերպությունների վրա և հակված ենք ենթադրել, թե երկուսն էլ չեն ցանկանում՝ հալեպահայերը հաստատվեն Հայաստանում»:

Մեկնաբանել