Վանաձոր․ 1+1=19

Հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստում քաղաքապետի ընտրությունները ուշագրավ ընթացք ստացան։ Դրանք միկրոմակարդակով լավագույնս բոնորոշում են հայաստանյան քաղաքական դաշտի արատավոր նրբերանգները:

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Վանաձորի ավագանիում Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: Մինչև ավագանու ընտրությունները՝ հոկտեմբերի 8-ին, «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և «Բարգավաճ Հայաստանը» ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Վանաձոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու մասին։ Այսինքն՝ ԲՀԿ-ն և ՀՎ-ն պարտավորվում էին քաղաքապետի ընտրությունների ընթացքում պաշտպանել ԼՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Ըստ այդ քաղաքական պայմանավորվածության արդյունքների՝ Քրիստ Մարուքյանը պետք է ունենար 18 կողմ ավագանու անդամ, ինչը լիովին բավարար էր Վանաձորի քաղաքապետ ընտրվելու համար:

Չնայած այդ հանգամանքին՝ ավագանու առաջին նիստին Վանաձորի քաղաքապետի համար իր թեկնածությունը առաջադրեց ՀՀԿ-ի ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանը: Իսկ քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել էին Վանաձորում դաշինք կազմելու մասին: Այդ դաշինքը Վանաձորի 33 մանդատ ունեցող ավագանիում ունի ընդամենը 15 մանդատ, որը փոքրամասնություն է՝ մյուս երեք կուսակցությունների 18 մանդատների համեմատ:

Սակայն ստացվեց այնպես, որ Վանաձորի ավագանիում քաղաքական փոքարամասնության ներկայացուցիչ, ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 քվե և ընտրվեց քաղաքապետ:

4 հավելյալ քվեի առկայությունը ՀՀԿ-ի թեկնածուիի օգտին ուղղակի ապացույց է, որ ԼՀԿ-ՀՎ-ԲՀԿ դաշինքի՝ ավագանու չորս անդամ չի պահել նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և ինչ-ինչ հանգամանքներով կողմ է քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուին:

***

Վանաձորում հակասական իրավիճակ է ստեղծվել՝ իշխանությունը անցնում է մի քաղաքական դաշինքի, որը փոքրամասնություն է: Ընտրություններից հետո ԼՀԿ-ՀՎ-ԲՀԿ դաշինքի ներկայացուցիչները պնդեցին, որ ավագանու իրենց անդամները քվեարկել են՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության: Եթե ինչ-ինչ անհաղթահարելի գործոնների պատճառով կամ սխալմունքի արդյունքում այդ չորս քվեն տրվել է ՀՀԿ-ական թեկնածուին, ապա առաջիկա նիստերում նրանք հնարավորություն ունեն ուղղել սխալը: Օրինակ՝ հարմար առիթի դեպքում կարելի է անվստահություն հայտնել նորընտիր քաղաքապետին կամ բոյկոտել ավագանու նիստերը: Ունենալով մեծամասնություն՝ նրանց բոյկոտի արդյունքում Վանաձորի ավագանու նիստերում քվորումի բացակայությունը կարող է հանգեցնել ավագանու լուծարմանը: Այսինքն, եթե դաշինքային պայմանավորվածությունները իրոք պահվել են, ապա այդ երեք քաղաքական ուժերը կարող են թույլ չտալ, որ ՀՀԿ-ն ներկայացնող Մամիկոն Ասլանյանը ղեկավարի Վանաձորը:

Սակայն ներհայաստանյան քաղաքական իրավիճակին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր մարդ կարող է համոզված պնդել, որ ավագանու այդ չորս անդամները գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ, և բացառված չէ, որ առաջիկայում ավագանու այլ անդամներ հոժարակամ ընդունեն ՀՀԿ-ի դոմինանտությունը և սկսեն հարմարվել իրավիճակին:

Փաստացի նոր Ընտրական օրենսգիրքը Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երևան, Գյումրի և Վանաձոր, այնպիսի պայմաններ է ապահովել, որ ՀՀԿ-ն՝ իր անկում ապրող վարկանիշով, ստվերային պայմանավորվածությունների ու ճնշումների շնորհիվ փոքրամասնություն ունենալու դեպքում անգամ կարողանա չկորցնել իշխանությունը:

Մեկնաբանել