Եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ժամանակին կյանքի կկոչեր արձանագրությունները․ ԱԳՆ

Եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները․ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Չավուշօղլուի հայտարարությանը՝ Քոչարյանն ասել է․ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության:

Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից»:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ երեկվա նիստում հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է կարգավորել Երևանի հետ երկկողմ հարաբերությունները։

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Ռուսաստանը ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար։

«Ռուսաստանն իր ջանքերը կիսել է մեզ հետ, և մենք աջակցություն ենք ցուցաբերել այդ հարցում։ Մենք սատարում ենք ցանկացած լուծման, որը բխում է Ադրբեջանի շահերից։ Բացի այդ, ձգտում ենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ Թուրքիան փորձել է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և Շվեյցարիայում համաձայնագիր ստորագրել, որը, սակայն, հաջողություն չի ունեցել։

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Մեկնաբանել