Ալիևի վերջին հայտարարությունը շփոթմունքի վկայություն է, կարծում է Ադրբեջանի նախկին վարչապետը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը կառավարության վերջին նիստին ցույց տվեց, որ «երկրի ղեկավարությունը շփոթված է և առկա խնդիրները լուծելու անկարողություն է ցուցաբերում». Turan գործակալության հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը։

Նա ուշադրություն է դարձրել Ալիևի այն հայտարարությանը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար Բաքվի վրա գործադրվող արտաքին ճնշմանը։

Հուսեյնի համոզմամբ՝ ղեկավարության հռետորաբանության կտրուկ փոփոխությունը՝ ռազմական ծախսերի կտրուկ կրճատման ֆոնին, «հանրությանը երկրի համար ոչ ձեռնտու փոխզիջումների նախապատրաստելու մտադրության ցուցիչ է»։

Ադրբեջանի նախկին վարչապետը կարծիք է հայտնել, որ Բաքվի այսպես կոչված «հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ձախողվում է, իսկ պաշտոնական քարոզչությունը մի ծայրահեղությունից մյուսն է նետվում»։

«Դեռ մինչև վերջերս պաթոսով խոսվում էր Ղարաբաղյան հարցի՝ Ռուսաստանի օգնությամբ շուտափույթ լուծման մասին, ինչի ֆոնին սկսվեց հակաարևմտյան քարոզչության նոր ալիք»,- հիշեցրել է Հուսեյնը։

Ինչ վերաբերում է երկրի տնտեսական բարեկեցության մասին Ալիևի հայտարարություններին, ապա դրանք, Ադրբեջանի կառավարության նախկին ղեկավարի համոզմամբ, չեն արտացոլում իրականությունը։ Նրա խոսքով՝ չի կարելի խոսել բարեկեցության մասին, եթե երկրի երկրորդ խոշորագույն բանկը հանկարծ սնանկ է հայտարարվում, իսկ երկրից բնակչության և կապիտալի արտահոսքն ավելանում է։

Փանահ Հուսեյնն ասել է, որ միայն Գերմանիա ամսական 30 մարդ է մեկնում, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ միջոցներ ունեն, նախընտրում են դրանք ներդնել Թուրքիայում կամ այլ երկրներում։

Ադրբեջանցի նախկին պաշտոնյան նաև կարծում է, որ իշխանությունները ոչ ադեկվատ են արձագանքում տնտեսական մարտահրավերներին, ինչի մասին է վկայում բամբակագործությունը վերակենդանացնելու գաղափարը։ Հուսեյնի դիտարկմամբ՝ իշխանությունները չեն կարողացել որևէ նոր բան մտածել, և բամբակագործության զարգացումն այսօր հանգել է նրան, որ դաշտեր են քշվում գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ինչպես նաև աշակերտները։

«Դա ԽՍՀՄ տխուր փորձի կրկնությունն է, և հայտնի է՝ ինչով այդ ամենն ավարտվեց»,- նկատել է Հուսեյնը՝ հավելելով, որ «վերևից երկիրը բարեփոխելու հնարավորությունները կորսված են»։

***
Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն էր հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկայիս փուլի առնչությամբ՝ հայտարարելով, որ «փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում», որպեսզի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Մենք չենք բացահայտում բազմաթիվ մանրամասներ, քանի որ գոյություն ունեն դիվանագիտական կանոններ, սակայն Արևմուտքի, տարբեր ՀԿ-ների՝ Ադրբեջանին սևացնելու արշավի հիմքում ընկած է Ադրբեջանի վրա ճնշումը՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համաձայնություն կորզելու նպատակով»,- գանգատվել էր Ալիևը՝ հավելելով, որ իր երկիրը «չի համաձայնի դրան»։

Ալիևի այդ հայտարարությանը հետևել էր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի՝ շփման գծում ունեցած ելույթը, որում նա, մասնավորապես, խոսել էր կարգավորման գործընթացում բեկման բացակայության մասին։ Նա նաև հերթական անգամ «կոշտ պատասխանով» էր սպառնացել Հայաստանին և պատմել, որ ադրբեջանական կողմը տեղյակ է Հայաստանի նոր սպառազինությունների մարտավարական բնութագրից։ Հասանովը նշել էր, որ դա «չի փոխել տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունն ի օգուտ Հայաստանի»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել