ՀԱՊԿ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը փոխզիջման որոնման համատեքստում․ Պուտին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը փոխզիջման որոնման անհրաժեշտության համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը։

«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքները չեզոքացնելու համար։ Իհարկե, մենք ինչ-որ կերպ պետք է արձագանքենք նաև նրան, ինչ տեղի է ունենում մեր կողքին, սակայն պետք է ձգտենք, որ անցյալից մեզ բաժին հասած խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա, հենց փոխզիջումների, որոնց պատրաստ են գնալ և՛ մի, և՛ մյուս կողմը։ Այս համատեքստում մենք քննարկել ենք և՛ ղարաբաղյան խնդիրը, և՛ այլ խնդիրներ»,- ասել է Պուտինը, որի խոսքը մեջբերում է Կրեմլի կայքը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Երևանում քննարկել են նաև «որոշակի լարվածությունը», որն առաջանում է նախկին Խորհրդային Միության այլ երկրների միջև։ Նրա խոսքով՝ «մեզ համար անգամ կարևոր չէ՝ մտնում է այս կամ այն երկիրը՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունը, ՀԱՊԿ-ի մեջ, թե ոչ»։

«Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք առանձնահատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ։ Եվ այդ հարաբերությունները շատ ավելի սերտ և խորն են, քան հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև։ Մենք չեն կարող դա հաշվի չառնել»,- ասել է Պուտինը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը Երևանում անցկացվում էր հոկտեմբերի 14-ին։ Նախքան հանդիպման մեկնարկը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՀԱՊԿ առաջնորդները Երևանում Լեռնային Ղարաբաղի հարցով առանձին հայտարարություն չեն ընդունելու։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նստաշրջանի ավարտից հետո կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց, որ գագաթաժողովի մասնակիցները աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին։

Սերժ Սարգսյանը նշել էլ էր, որ նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա։

Մեկնաբանել