Ղրիմի բջջային օպերատորի հետևում Հայաստանում գրանցված ընկերություն է

2014թ․ փետրվարին, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին, թերակղզում գործող շատ ընկերություններ ստիպված էին հեռանալ այդ տարածքից, որպեսզի խուսափեն միջազգային պատժամիջոցներից։ Դրանց թվում էր նաև ռուսական բջջային օպերատոր ՄՏՍ-ը։ ՄՏՍ-ի հեռանալուց հետո արդեն երկու տարի է, ինչ Ղրիմում բջջային ծառայություններ է մատուցում «Կ-Տելեկոմ» ընկերությունը։ Ռուսական «Վեդոմոստի» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է այս ընկերության գործունեությանը՝ նշելով, որ դրա սեփականատեր ընկերությունը գրանցված է Հայաստանում։ Այս ընկերության գործունեությանն անդրադարձել էր նաև The Insider պարբերականը անցյալ տարվա օգոստոսին՝ գրելով, որ ընկերության հետևում լիբանանցի ներդրող Պիեռ Ֆատտուշն է։

«Վեդոմոստին» գրում է, որ Ղրիմի «Կ-Տելեկոմ» բջջային օպերատորի (աշխատում է Win Mobile բրենդի տակ) սեփականատերը Cell Group Worldwide Holding-ն է, որը, Հայաստանի իրավաբանական անձանց ռեեստրի համաձայն, պատկանում է Cell Group Worldwide Ltd-ին։ Օպերատորը, ըստ թերթի, 2015թ․ ստացել է 10,3 մլրդ ռուբլուն համարժեք հասույթ, որից մաքուր շահույթը կազմում է այդ գումարի կեսից ավելին՝ 5,5 մլրդ ռուբլի (մոտ 87 մլն դոլար)։

Պարբերականը գրում է, որ Կրասնոդարում գրանցված «Կ-Տելեկոմը» Ղրիմում սկսել է գործել 2014թ․ օգոստոսի 5-ին՝ ՄՏՍ-ի հաճախականության վրա։ Այդ հաճախականությամբ աշխատելու թույլտվություն օպերատորը ստացել էր ռուսաստանյան համապատասխան մարմնից, և ՄՏՍ-ը դրան չի առարկել։

Երեք ամսում օպերատորը Ղրիմում կառուցել է 1500 բազային կայանների ցանց՝ դառնալով թերակղզում ռուսաստանյան առաջին օպերատորը։

2015թ․ իր հետաքննական հրապարակման մեջ The Insider պարբերականը «Կ-Տելեկոմի» սեփականատեր է անվանել լիբանանցի ներդրող Պիեռ Ֆատտուշին՝ Հայաստանում ՄՏՍ-ի վաղեմի գործընկերոջը։

The Insider ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միացվելուց հետո թերակղզում գործող ընկերություններին միջազգային պատժամիջոցներ էին սպառնում, ինչի կապակցությամբ խոշորագույն կորպորացիաներ և բանկեր շտապեցին դադարեցնել իրենց բիզնեսը Ղրիմում։ Մինչդեռ, ինչպես բացահայտել է The Insider-ը, ՄՏՍ-ը շարունակել է իր աշխատանքը՝ «Կ-Տելեկոմ» կեղծ ընկերության միջոցով, որը, հրապարակման համաձայն, կապված է միջազգային օֆշորների, լիբանանյան «Հեզբոլլահի» և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

Ղարաբաղ-Ղրիմ

Ինչպես բացահայտել է The Insider-ը, հիմնվելով ՌԴ Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից ստացված փաստաթղթի վրա, «Կ-Տելեկոմ»-ի հիմնադիրը Հայաստանում գրանցված Cell Group Worldwide Holding ՓԲԸ-ն է, որի միակ բաժնետերը Վիրջինյան կղզիներում գրանցված Cell Group Worldwide Ltd-ն է՝ լիբանանցի ներդրող Պիեռ Ֆատտուշի գլխավորությամբ։

2007թ․ Ֆատտուշը ՄՏՍ ընկերությանը վաճառել է «Ղ-Տելեկոմ» հայաստանյան օպերատորի բաժնետոմսերի 80%-ը՝ պահպանելով 20%-ը և, համապատասխանաբար, դառնալով ռուսաստանյան առաջատար օպերատորի գործընկերը։ Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ 2011թ․ ՄՏՍ-ը Ֆատտուշ եղբայրներին տրամադրել է 90 մլն դոլարի վարկ։

Ինչպես նկատել է The Insider-ը, Պիեռ Ֆատտուշի մուտքը Ղրիմ «խնդրահարույց գոտում» նրա առաջին աշխատանքը չէ․ 2000-ականների սկզբին նա հիմնադրել էր «Ղարաբաղ Տելեկոմ» ազգային օպերատորը։ Հետաքննության հեղինակները Ֆատտուշին նաև վերագրել են սերտ կապեր Սիրիայի նախագահի մերձավորների հետ և պատմել նրա կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաների մասին։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել