Սիսիանը, Սևանը, Դիլիջանն ու Գյումրին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ում

Սիսիանը, Սևանը, Դիլիջանն ու Գյումրին անդամակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին, հաղորդում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին անդամակցելիս քաղաքներին հնարավորություն է ընձեռվում օգտվել ցանցին անդամակցող այլ քաղաքների հետ տարբեր ոլորտներում համագործակցության յուրովի հարթակից: Անդամակցող քաղաքները նաև հնարավորություն են ստանում իրենց թեկնածությունները ներկայացնել երկամյակի կտրվածքով տրվող «Ուսումնառող քաղաք» մրցանակի համար, որը շնորհվում է ուսումնառող քաղաքի ստեղծման և կայացման գործում նշանակալի առաջընթաց գրանցած քաղաքներին:

2012 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել էր «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցի» (UNESCO Global Network of Learning Cities (GNLC)) ստեղծումը, որի մեկնարկը, վերջինիս մրցանակի հետ մեկտեղ, տեղի է ունեցել 2015թ. սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում կայացած Ուսումնառող քաղաքների երկրորդ միջազգային գիտաժողովի աշխատանքների արդյունքում:

Ցանցին անդամակցելու հնարավորություն ունեն քաղաքային խորհրդի կամ ընտրված այլ մարմնի կողմից կառավարվող, առնվազն 10 հազ․ բնակիչ ունեցող վարչատարածքային այն միավորները, որոնք պատրաստ են որդեգրել ցանցի ուղեցուցային երկու փաստաթղթերի` «Ուսումնառող քաղաքների կառուցման Պեկինի հռչակագրի» և «Ուսումնառող քաղաքների հիմնական հատկանիշների» սկզբունքները և որոնց հայտերը կարժանանան Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հավանությանը:

Մեկնաբանել