Ռուսաստանին պատժել են Հայաստանի միջոցով․ «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը՝ «Օսկարի» որոշման մասին

Ռուսաստանյան «Մարս մեդիա» կինոընկերության արտադրած «Երկրաշարժ» ֆիլմը, որն ընտրվել էր Հայաստանի ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում և ներկայացվել «Օսկար» մրցանակի, չի ընդգրկվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի երկար ցանկում։ «Օսկարի» հանձնաժողովը նշել է, որ ««Երկրաշարժը» «չի համապատասխանում մրցանակաբաշխության պահանջներին», և խոսքը հայտի տեխնիկական մասին է վերաբերում․ ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը Հայաստանից չէ, ժապավենի նկարահանումների մեծ մասը նույնպես իրականացվել է ոչ Հայաստանում: «Մարս մեդիա» ընկերությունը իր անհամաձայնությունն է հայտնել կինոակադեմիայի առարկություններին․ ֆիլմի պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսիսյանը, Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները, դերասաններ Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու Մշակույթի նախարարությունը դիմում են հղել կինոակադեմիային՝ կցելով փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ֆիլմը հայ-ռուսական համատեղ արտադրության է (ռուսաստանյան Կինոֆոնդի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ), և «ստեղծագործական վերահսկողության հավասարակշռությունը պահպանված է»։

«Աբսուրդ իրավիճակ»,- ֆեյսբուքյան իր էջում որոշմանն արձագանքել է պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։

«Պատճառը ստեղծագործական խմբում բազմաթիվ ռուսների առկայությունն է, և դա այն դեպքում, երբ ես երկքաղաքացիություն ունեմ և դիմել եմ Հայաստանից։ Հարցին միացել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը, երկխոսություն է ընթանում կազմկոմիտեի հետ, նամակներ են փոխանակվում և որոշման վերանայման հույս ունենք։ Հուսով եմ՝ դա քաղաքական որոշում չէ։ Միևնույնն է, շատ ցավալի է»,- գրել է Դիշդիշյանը։ Իսկ «Մարս մեդիա»-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ նա ընդգծել է, որ «բավական է նայել ֆիլմի տիտրերին համոզվելու համար, որ ֆիլմն 90 տոկոսով պատրաստված է հայերի կողմից՝ Հայաստանի, Ֆրանսիայից, Ռուսաստանից»։

«Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նույնպես վստահ է, որ «Օսկարի» հանձնաժողովի որոշման մեջ քաղաքական տարր կա։ Այս մասին նա ասել է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում։

«Անշուշտ, այստեղ առկա է քաղաքական տարր։ Ես գրեթե համոզմած եմ, որ եթե անձնակազմի մի մասը լիներ ոչ թե Ռուսաստանի, այլ, օրինակ, Էստոնիայի քաղաքացի, դրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնի։ Ճնշման մեթոդներն ավելի նուրբ են դարձել։ Ռուսաստանին պատժել են Հայաստանի միջոցով։ Հայաստանը հազվադեպ է ֆիլմեր ուղարկում «Օսկար»․ կարծեմ՝ երեսուն տարվա ընթացքում ընդամենը չորս նման դեպք է եղել։ Բնականաբար, սխեման լավ մշակված չէ, և փաստաթղթերում կարող էին տեխնիկական սխալներ լինել։ Կարծում եմ՝ «Օսկարի» հանձնաժողովը պարզապես դրանցից օգտվել է»,- նկատում է Անդրեասյանը։

Ու թեև ստեղծագործական խումբը բողոքարկել է որոշումը, սակայն ռեժիսորը լավատես չէ։

«Դժվար է պատկերացնել, որ «Օսկարի» ժյուրին ևս մեկ անգամ կարող է հավաքվել հանուն «Երկրաշարժի»»,- ասում է նա։

Որակազրկման հիմքում նկարահանող խմբի կազմում բազմաթիվ ռուսների առկայության վերաբերյալ պնդմանը ռեժիսորը հակադարձում է, որ, այո, կանոնադրության մեջ կա նման կետ, ըստ որի՝ ֆիլմի ստեղծագործական վերահսկողությունը պետք է իրականացնեն հայտատու երկրի քաղաքացիները, սակայն հստակ չի նշվում տոկոսային հարաբերակցությունը։

«Հասկանալու համար՝ ժապավենի վրա աշխատել են հայաստանցի սցենարիստներ, պրոդյուսերներ և կոմպոզիտոր։ Դերասանների մեծ մասը նույնպես հայ են»,- ասում է Անդրեասյանը։

Դրամայի հիմքում անձնական փորձի մասին հարցին ի պատասխան Սարիկ Անդրեասյանը հիշում է, որ 1988թ․ իրենց ընտանիքն ապրում էր Երևանում։

«Երեկոյան իմացանք, որ հարևան քաղաքները գետնի տակ են անցել։ Դա աներևակայելի ցավ է, ողբերգություն, որը պատահեց մեր ժողովրդի հետ։ Դրա մասին ոչ ոք երբեք չի խոսել։ Փլուզվեց Խորհրդային Միությունը, դրա ժամանակը չէր»,- պատմում է ռեժիսորը։

«Մեր ֆիլմը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, Հայրենիքին և այն միասնությանը, որն ունեինք նախկինում։ Ինձ նաև այդ պատճառով է վիրավորում «Օսկարի» հանձնաժողովի ձևակերպումը։ Ի՞նչ է նշանակում նկարահանող խմբում կան բազմաթիվ ռուսներ։ Իսկ ո՞վ էր եկել օգնելու, երբ 25 հազ․ մարդ գնաց գետնի տակ։ Ամբողջ Խորհրդային Միությունը, մեծամասամբ՝ ռուսախոս մարդիկ։ Նրանց թվում էին ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ․․․ Օգնում էին բոլոր նրանք, ովքեր կարող էին։ Այնպես որ՝ այդ ձևակերպումը անտեղին է, և, անկեղծ լինենք, վիրավորական»,- ամերիկյան կինոակադեմիայի քայլը մեկնաբանել է ռուսաստանաբնակ ռեժիսորը։

«Երկրաշարժ» ֆիլմ-աղետը պատմում է 1988թ․ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի մասին։ Բնական աղետի ֆոնին ծավալվում է երկու հերոսների՝ Կոնստանտին Բերեժնոյի և Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։ Նրանց ճակատագրերը առաջին անգամ չեն խաչվում․ տարիներ առաջ ավտովթարում Բերեժնոյի մեղքով զոհվել էին Ռոբերտի ծնողները։ Փոքր Ռոբերտին որդեգրում են բարեկամները։ Հանգամանքների բերումով երկրաշարժի օրը հերսոները հայտնվում են նույն փրկարարական խմբում։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել