Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարը Բաքվի համար «ուտոպիական է և անհեթեթ»

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը, արձագանքելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ առաջարկները որակել է «ուտոպիաական և անհեթեթ»։ Նրա պնդմամբ՝ այդպիսի առաջարկներով հանդես են գալիս «հայկական լոբբիի և Հայաստանի ազդեցության տակ գործող որոշ շրջանակներ, որոնք փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և տեսնելով դրա անհնարինությունը՝ Ադրբեջանի սևացմանը միտված քաղաքականություն են վարում»։

Պաշտոնական Բաքուն, ի դեմս Հաջիևի, պնդել է, որ «ինքնավար հանրապետության կարգավիճակով Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական համայնքների համագոյակցության» իր առաջարկը «կառուցողական է», մինչդեռ հայկական կողմն այն «սպառնալիք» է որակում։

Հոկտեմբերի 20-ին արտգործնախարարությունում Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին, ասել էր, որ Բաքվում կորցրել են իրականության զգացումը։

«Բաքուն պնդում է, թե պատրաստ է փոխզիջումների: Որո՞նք են, ըստ ադրբեջանական կողմի, իրենց զիջումները՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովո՞ւմը, ինչպես իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությո՞ւնը: Սա արդեն նման է ոչ թե զիջման, այլ սպառնալիքի. եթե չանեք մեր ասածը, ապա խաղաղություն չի լինի: Ինքնավարության տրամադրո՞ւմը․ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը որևէ վերահսկողություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, առավելևս՝ այսօր։ Իսկ հիմա իր վերահսկողության տակ ինքնավարությո՞ւն է առաջարկում, և դա մատուցում է որպես զիջո՞ւմ։ Այսինքն՝ որպես զիջում առաջարկում է մի բան, որից շատ ավելին Արցախն ունի այսօր»,- նշել էր Նալբանդյանը։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը Բաքուն համեմատել է «Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի սանձազերծման պատասխանատուների» մտքերի հետ և հերթական անգամ հնչեցրել հակամարտության կարգավորման իր պահանջները։

Հայաստանի՝ «աշխարհում միակ մոնոէթնիկ երկիր» լինելու փաստը Ադրբեջանում «հիմնավորել են» էթնիկ զտումների քաղաքականությամբ և նրան անվանել «առանց ապագայի երկիր», որտեղ մարդկանց «ահաբեկում և սպանում են իրենց քաղաքական պատկանելիության և հայացքների համար»։

Հատկանշական է, որ նման մեղադրանքներ հնչում են մի երկրից, որը քաղբանտարկյալների թվով և մարդու իրավունքների համատարած խախտումներով մշտապես միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է:

Օրերս հրապարակվել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Ադրբեջանում այլախոհների դեմ ահագնացող հետապնդումների վերաբերյալ 75-էջանոց զեկույցը։ Կազմակերպությունը կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների համար:

Վերջերս կովկասյան jam-news.net հնգալեզու (անգլերեն, ռուսերեն, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն) կայքում “>«Ադրբեջանցիները ճամպրուկներն են հավաքում» վերնագրով հոդված էր հրապարակվել Ադրբեջանում արտագաղթի տեմպերի կտրուկ աճի վերաբերյալ։ Ամփոփելով հավաքված տվյալներն ու կարծիքները՝ հոդվածի հեղինակները եզրակացրել են, որ Ադրբեջանն այսօր արտագաղթի նոր ալիքի առաջ է կանգնած, որի պատճառները թե տնտեսական են, թե սոցիալական և թե բարոյահոգեբանական։ Ալիքի աճին նպաստել է նաև վերջերս Ադրբեջանում անցկացված սահմանադրական հանրաքվեն, որը է՛լ ավելի է ամրապնդում Ալիևների կլանի դիրքերն ու ապահովում նրանց քաղաքական երկարակեցությունը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել