«Գազպրոմ Արմենիա»-ն կդիմի ՀԾԿՀ՝ գազի գնի իջեցման հայտով

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Այս մասին հաղորդում են «Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի ծառայությունից։

Ներկայում ամսական մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը կազմում է 146 հազ․ 700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Ամսական 10 հազ․ խմ և ավելի սպառում ունեցող սպառողների համար գործում է 257.56 դոլար (1000 խմ) սակագինը։

«Գազպրոմ Արմենիա»-ի հայտով առաջարկվում են հետևյալ սակագները՝

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին (նոր սպառողական խումբ) տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 100 հազ․ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Ամսական մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 139 հազ․ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Ջերմոցային տնտեսություններին (նոր սպառողական խումբ) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը 212 դոլար (Կենտորանական բանկի՝ տվյալ ժամանակահատվածի համար սահմանված փոխարժեքով)։

Վերամշակող կազմակերպություններին (նոր սպառողական խումբ) վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ 212 դոլար (Կենտորանական բանկի՝ տվյալ ժամանակահատվածի համար սահմանված փոխարժեքով)։

Ամսական 10 հազ․ խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ 242.1 դոլար (Կենտորանական բանկի՝ տվյալ ժամանակահատվածի համար սահմանված փոխարժեքով)։

***

Գազի, ինչեպս նաև էլեկտրաէներգիայի գործող սակագների իջացման անհրաժեշտության մասին դեռ սեպտեմբերի խոսել էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կառավարության առաջին նիստում նա էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին ու ՀԾԿՀ նախագահին հանձնարարել էր համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել անապահով խավերի համար գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ «Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,- ասել էր վարչապետը։

Հոկտեմբերի սկզբին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել էր, որ առայժմ չի կարող ասել, թե գազի և էլեկտրաէներգիայի սակագները անապահով խավի համար որքանով կարող են նվազել։

Մեկնաբանել