«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները։ Համաձայն «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության՝ ընկերությունը սակագների վերանայման հայտով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) է դիմել՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:

«Գազպրոմ Արմենիա»-ում նշում են, որ նաև հաշվի են առնվել հետևյալ գործոնները՝

1. Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցում:

Հայաստանին մատակարարվող բնական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է տարեվերջին, և ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի միջև պետք է կնքվի նոր պայմանագիր: Հաշվի առնելով դա՝ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և վրացական կողմի հետ նախաձեռնել է բանակցություններ՝ բնական գազի տարանցման գնի հնարավոր նվազեցման նպատակով:

2. Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ:

3. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացում՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը:

4. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով:

***

«Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով ՀԾԿՀ է դիմել նոյեմբերի 1-ին։

Ներկայում ամսական մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը կազմում է 146 հազ․ 700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Ամսական 10 հազ․ խմ և ավելի սպառում ունեցող սպառողների համար գործում է 257.56 դոլար (1000 խմ) սակագինը։

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է հետևյալ սակագները՝

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին (նոր սպառողական խումբ) տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 100 հազ․ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Ամսական մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 139 հազ․ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Ջերմոցային տնտեսություններին (նոր սպառողական խումբ) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը 212 դոլար (Կենտորանական բանկի՝ տվյալ ժամանակահատվածի համար սահմանված փոխարժեքով)։

Վերամշակող կազմակերպություններին (նոր սպառողական խումբ) վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ 212 դոլար (Կենտորանական բանկի՝ տվյալ ժամանակահատվածի համար սահմանված փոխարժեքով)։

Ամսական 10 հազ․ խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ 242.1 դոլար (Կենտորանական բանկի՝ տվյալ ժամանակահատվածի համար սահմանված փոխարժեքով)։

Մեկնաբանել